Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը հետաձգվել է
Իրավունք
15:49 14/09/2020
Հայաստան

Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը հետաձգվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի քրեական գործով դատական նիստը մեկնարկից անմիջապես հետո հետաձգվել է։

«Փաստինֆո»-ն գրում է, որ նախագահող դատավորը նիստի մեկնարկին հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազից գրություն է ստացվել գործով նոր դատախազներ ներգրավելու մասին։ Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել՝ դատախազներին բացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացնելու հարցը քննարկելու համար։ Դատարանը որոշել է ժամանակ տրամադրել պաշտպանական կողմին հարցը քննարկելու համար և որոշել է հետաձգել դատական նիստը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 28-ին։

Նախորդ դատական նիստը ևս հետաձգվել էր, քանի որ Նորայր Փանոսյանն օգոստոսի 27-ից գտնվում էր ինքնամեկուսացման մեջ։ Այս դատական նիստին Փանոսյանն արդեն ներկայացել էր։

ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նորայր Փանոսյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։

Քրեական գործի նախաքննության ավարտի մասին ՀՔԾ-ն հայտարարել է փետրվարի 18-ին, իսկ մարտի 9-ին հայտնի դարձավ, որ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։ Մարտի 11-ին գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, իսկ մարտի 13-ին ընդունվել վարույթ:

Placeholder
Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը հետաձգվել է