Շիրակի մարզի 3 գյուղի աշակերտների ծնողները դժգոհ են նոր որոշումից
Կրթություն, գիտություն
13:46 15/09/2020
Հայաստան

Շիրակի մարզի 3 գյուղի աշակերտների ծնողները դժգոհ են նոր որոշումից

Շիրակի մարզի Սարապատ համայնքի Սալուտ, Վարդաղբյուր և Հարթաշեն բնակավայրերի աշակերտները հաճախում են Մուսայելյան գյուղի դպրոց: Նախկինում այդ գյուղերից աշակերտներին  դպրոց տեղափոխելու համար տրամադրված է եղել միկրոավտոբուս, որի գործունեությունն այս ուսումնական տարվանից դադարեցվում է: Գյուղի բնակիչները  դժգոհ են այդ որոշումից:

Սարապատ համայնքի ղեկավար Արտուշ Մանուկյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ   որոշում է կայացվել՝ յուրաքանչյուր երթևեկող աշակերտի համար օրական հատկացվի 200 դրամ, կառավարությունը ֆինանսավորում է մարզպետարանին, մարզպետարանը տալիս է դպրոցներին, որոնք էլ այդ գումարը  պետք է տան ծնողներին՝ իրենց երեխաների տեղափոխումը կազմակերպելու համար: Օրինակի համար նշեց, որ եթե ամսվա ընթացքում 21 օր են հաճախում դպրոց, այդքան օրվա համար 200-ական դրամ է փոխանցվում ծնողներին, որպեսզի կամ վարձակալեն մեքենա, կամ սեփական մեքենայով տեղափոխեն:

Ա. Մանուկյանի խոսքով, միկրոավտոբուսի դեպքում տարվա ընթացքում 2 միլիոն դրամ էր փոխանցվում, այս դեպքում ավելի քիչ է լինում ծախսը:

Սալուտից Մուսայելյան գյուղ՝ 4 կիլոմետր է, Հարթաշենից՝ 1,5 կիլոմետր,  Վարդաղբյուրից՝ 5 կիլոմետր:

Համայնքի ղեկավարն ասաց, որ այս հարցը քննարկվել է բնակիչների հետ,  բացատրել են օրենքի փոփոխությունը, 6-7 ամիս է արդեն տեղյակ են եղել:

«Հեշտ տարբերակ են ման գալիս, որ ինչ-որ մեկն իրենց երեխային տեղափոխի դպրոց»,- ասաց Ա. Մանուկյանը:

Նա նշեց, որ այսօր երեխաներն առաջին ժամին չեն հասել դասի, այնուհետև մեքենա է տրամադրվել տեղափոխման համար, մինչև հարցը կլուծվի:
 

Placeholder
Շիրակի մարզի 3 գյուղի աշակերտների ծնողները դժգոհ են նոր որոշումից