Խաչատուրյան քույրերի գործը լուսաբանող լրագրողներին սպառնում են
Իրավունք
09:05 24/09/2020
Աշխարհ

Խաչատուրյան քույրերի գործը լուսաբանող լրագրողներին սպառնում են

Խաչատուրյան քույրերի դատավարությունը լուսաբանող լրագրողներին սպառնում են աղջիկների կողմից սպանված  Միխայիլ Խաչատուրյանի հարազատները: daily.afisha.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է լրագրողների արհմիությունը:

Ըստ արհմիության, «Մարդու իրավունքների համար» հրատարակության թղթակից Ալեքսանդր Պլատիցինը խոսել է սպառնալիքների մասին: Լրագրողը պնդում է, որ Մարիա Խաչատուրյանի գործով սեպտեմբերի 15-ին Բուտիրսկի շրջանի դատարանում կայացած նիստից հետո մահացածի հարազատներից մեկը նրան հարցեր է տվել իր աշխատանքի վերաբերյալ և ակնարկել հնարավոր հաշվեհարդարի մասին:

«Հայտարարել է, որ իրենք իրենց մոտ «այդպիսի հարցերը այլ կերպ են լուծում», և որ իրենով «հետաքրքրվելու են»։ Իհարկե, ես դա համարում եմ սպառնալիք կյանքի և առողջության համար», - ասել է Պլատիցինը։

Լրագրողի՝ անձնական բլոգում սպառնալիքների մասին հրապարակումից հետո  նրա հետ է կապնվել մեկ այլ լրագրող, որը նույնպես պատմել է Խաչատուրյան քույրերի գործի լուսաբանման հետ կապված սպառնալիքների մասին:

Բացի այդ, ավելի վաղ Միխայիլ Խաչատուրյանի եղբորորդին՝  Արսենը, արդեն սպառնացել էր «Մոսկովսկի կոմսոմոլեցի» և «Կոմսոմոլսկայա պրավդաի» լրագրողներին. 2019-ին աղջիկներն այս կապակցությամբ դիմել էին ոստիկանություն:

Ալեքսանդր Պլատիցինը հայտարարել է, որ կշարունակի աշխատել Խաչատուրյան քույրերի գործի վերաբերյալ նյութերի վրա:

«Համոզված եմ, որ մեղադրող կողմը կպարտվի։ Համոզված եմ նաև, որ պաշտպանության դիրքորոշումը հիմնավոր է և՛ իրավական, և՛ բարոյական առումով: Իմ անձնական դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Խաչատուրյան քույրերը պետք է անհապաղ ազատ արձակվեն»,- ասել է լրագրողը։

Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին՝  դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել,  որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին դատարանը  փոխել էր  Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել  որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Ավելի ուշ քույրերն ազատվել էին նաև էլեկտրոնայիան շղթայից:

Placeholder
Խաչատուրյան քույրերի գործը լուսաբանող լրագրողներին սպառնում են