Բոլոր մայրցամաքները ներկայացնող երկրների ներկայացուցիչները քննադատել են Ադրբեջանի ագրեսիան. Մասիս Մայիլյան
Արցախի Հանրապետություն
08:40 29/09/2020
Հայաստան

Բոլոր մայրցամաքները ներկայացնող երկրների ներկայացուցիչները քննադատել են Ադրբեջանի ագրեսիան. Մասիս Մայիլյան

«Վերջին 24 ժամվա ընթացքում ամենակարևոր հայտարարությունը համարում ենք ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը, որը տարբերվում է նրանով, որ ոչ միայն կոչ է արվում դադարեցնել ռազմական գործողությունները և անցնել բանակցությունների, այլ նաև այնտեղ միանշանակ անթույլատրելի է համարվում երրորդ երկրների ներգրավվածությունն այս հակամարտության մեջ»,- «Արցախ» տեղեկատվական շտաբում անցկացված ճեպազրույցի ժամանակ  հայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Վերջինս նշեց, որ այդ կոչն ուղղված է Թուրքիային և այն պետք է զսպիչ դեր խաղա այս իրադարձություններում: 

Մայիլյանը նաև նկատեց, որ նախորդ օրը Դոնալդ  Թրամփը, պատասխանելով լրագրողի հարցին, նշել է, որ ջանքեր են գործադրվում տարածաշրջանում  իրավիճակը հանգստացնելու համար:  Արցախի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ եղել է նաև Ջո Բայդենի նմանատիպ հայտարարությունը:

Մասիս Մայիլյանը հիշեցրեց՝ տավուշյան դեպքերից հետո ՌԴ-ն կոչ արեց, որ երրորդ երկրները չմիջամտեն և հույս հայտնեց, որ նման հայտարարություն կլինի նաև այս դեպքում՝ նկատելով, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարության մեջ կան այդպիսի մեսիջներ:

Արցախի ԱԳ նախարարը հայտնեց, որ Նիդեռլանդների պառլամենտում հանձնաժողովների մակարդակով քննարկվել և ընդունվել է  երկու բանաձև, որով իրենց կառավարությանը կոչ է արվում վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին:

Տեղեկացնելով, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում ԵՄ-ի հետ գործընկերության շուրջ՝ Մասիս  Մայիլյանը հայտնեց, որ Նիդերլանդների պառլամենտի մի խումբ պատգամավորների այդ  նախաձեռնության նպատակը  Ադրբեջանին վերջնագիր ներկայացնելն է, և անհրաժեշտության դեպքում, նաև Ադրբեջան-ԵՄ գործընկերության բանակցությունների դադարեցման պահանջի առաջ քաշումը:

Մայիլյանի խոսքով, մյուս բանաձևով Նիդերլանդների կառավարությանն առաջարկվում է բոլոր հարթակներով կոչ անել Թուրքիային և այլ երկրներին զերծ մնալ հակամարտության մեջ ներգրավվելուց: Ըստ Արցախի ԱԳ նախարարի, այդ փաստաթղթերը կքննարկվեն հոկտեմբերի 2-ին և հույս հայտնեց, որ որպես իրենց օրենսդիր մարմնի դիրքորոշում՝ Նիդերլանդներն այդ երկու բանաձևերը կընդունի:

Արցախի ԱԳ նախարարը հայտարարեց, որ բացի Թուրքիայից, բոլոր պետությունները հայտարարում են, որ այս հակամարտությունը չունի ուժային լուծում և պետք է քաղաքական հարցերը լուծել քաղաքական ճանապարհով, որը լիովին համընկնում է Արցախի և Հայաստանի դիրքորոշումներին:

Մայիլյանի խոսքով, Արցախի և Հայաստանի ԱԳ նախարարությունները համակարգված աշխատանքներ են կատարում Ադրբեջանի այս ագրեսիան միջազգայնորեն դատապարտելի դարձնելու ուղղությամբ:

Արցախի արտաքին գործերի նախարարը տեղեկացրեց, որ գերատեսչությունը նոր հայտարարություն է ընդունել քաղաքացիական բնակչության և օբյեկտների վրա Ադրբեջանի ագրեսիայի մասին և այն նախորդ օրվա ընդունած փաստաթղթի հետ արդեն տարածվել է ԵԱՀԿ-ում և աշխատանքներ են տարվում դրանք ՄԱԿ-ում ու այլ միջազգային կառույցներում տարածելու ուղղությամբ:

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը խախտել է իր իսկ կողմից ընդունած Ժնևյան կոնվենցիան: Մայիլյանը տեղեկացրեց, որ Արցախն էլ դեռևս 1993 թվականին միացել էր այդ կոնվենցիային և իր հանձառությունը կատարում է, իսկ Ադրբեջանը՝ ոչ, չնայած նրան, որ ՄԱԿ-ի անդամ է:

Նախարարը հայտնեց, որ արտերկրում Արցախի ներկայացուցիչներն ակտիվ աշխատում են քաղաքական գործիչների հետ և արդյունքում մի շարք հայտարարություններ են տարածվել գրեթե բոլոր մայրցամաքները ներկայացնող պետությունների խորհրդարանականների և գործիչների կողմից, որոնցում միանշանակ դատապարտվում է Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ:

ԱԳ նախարարը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում նաև ԶԼՄ-ների հետ, պարզաբանվում է Արցախի դիրքորոշումը, տրվում է տեղեկատվություն, թե ինչ է կատարվել սեպտեմբերի 27-ի առավոտյան և անցած երկու օրվա ընթացքում:

«Մեր ներկայացուցիչները համակարգում են այս աշխատանքները նաև սփյուռքի հետ և նրանք ցանկություն են հայտնել տարբեր միջոցներով օգնել Արցախի ժողովրդին»,- հայտնեց Մասիս Մայիլյանը:
 

Placeholder
Բոլոր մայրցամաքները ներկայացնող երկրների ներկայացուցիչները քննադատել են Ադրբեջանի ագրեսիան. Մասիս Մայիլյան