Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը. Տաթև Հայրապետյան
Արցախի Հանրապետություն
14:36 29/09/2020
ԼՂՀ

Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը. Տաթև Հայրապետյան

«Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը, Ալիևն իր առջև իշխանության պահպանման խնդիր է դրել»,- մամուլի ասուլիսում հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը:

Նա վստահաբար ընդգծեց, որ առաջին խոշորագույն պատությունը, որ հայկական զինված  ուժերը հաստատ հասցնելու են ադրբեջանական բանակին, Ալիևի իշխանության համար ճակատագրական հետևանքներ է ունենալու:

«Այս արկածախնդրությունը շատ թանկ է արժենալու Ադրբեջանի վրա, որովհետև նրանք վերադարձ են կատարելու 90-ականների ներքաղաքական խժդժությունների ժամանակահատված, որտեղ իշխանությունները փոխվում էին հայկական ուժերի ռազմական հաջող գործողություններին զուգընթաց»,- հայտարարեց պատգամավորը:

Տաթև Հայրապետյանի խոսքով, Թուրքիայի ներգրավվածությունը հնարավորություն է տալիս ողջ աշխարհին ցույց տալու, որ նա չի հրաժարվել իր պլաններից և 100 տարի առաջ որդեգրած ձեռագրից:

Ըստ պատգամավորի, ի տարբերություն նախորդ դարի իրադարձությունների, այսօր ունենք պետություն, հզոր բանակ և դիվանագիտական ներուժ՝ այդ ամենը միջազգային հանրությանը հասցնելու համար:

«Աշխարհը հստակ գիտակցում է, թե ով է ագրեսորը տարածաշրջանում, հստակ գիտակցում է Թուրքիայի բացառիկ ապակառուցողական դերը»,- հայտնեց բանախոսը և նկատեց, որ Թուրքիային ուղղված զգուշացումները կարևոր գործընթացների սկիզբ են լինելու:

Նրա խոսքով, Թուրքիան ամբողջ աշխարհում, առավել ևս այս տարածաշրջանում, խաղում է ապակայունացնող դեր:

«Էրդողանի հայտարարությունները գերազանցում են Ալիևի հայտարարությունները, տպավորություն է, որ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը հենց ինքը՝ էրդողանն է, նա է հրամաններ արձակում»,- նկատեց Տաթև Հայրապետյանը և շեշտեց, որ թուրքական այդպիսի պահվածքը չի կարող անպատիժ մնալ:

Placeholder
Բաքվի բռնապետական ռեժիմի համար որևէ նշանակություն չունեն մարդկային կյանքերը. Տաթև Հայրապետյան