ՍԱՏՄ. Հայաստան չի մտնում և չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
Առողջություն
15:28 02/10/2020
Հայաստան

ՍԱՏՄ. Հայաստան չի մտնում և չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն, ինչն արտակարգ զգոնություն է պահանջում կենսագործունեության բոլոր բնագավառներում:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ իրավիճակից ելնելով՝ առաջացել է սննդամթերքի սահմանային և պետական վերահսկողության ուժեղացման անհրաժեշտություն, որի նպատակով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ընդլայնել է առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ կենսաբանական, քիմիական ու ճառագայթային ախտահարվածության և ախտոտվածության  ցուցանիշների շրջանակը:

Դա նշանակում է, որ, ՍԱՏՄ սահմանային վերահսկողության շրջանակներում, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող առաջին անհրաժեշտության սննդամթերքի բոլոր խմբաքանակները ենթարկվում են ուժեղացված լաբորատոր հսկողության՝ անկախ ներմուծման երկրից:

«Տեղեկացնենք նաև, որ ՍԱՏՄ մասնագետները մշտապես հետևում են Սննդամթերքի և անասնակերի անվտանգության արագ արձագանքման հարթակի (RASFF) տեղեկատվությանն ու թարմացումներին, որի ազդարարումների հիման վրա էլ երկրի սահմանին իրականացվում է վերահսկողությունը: Այն վերաբերում է ոչ թե երկրների, այլ ցանկացած երկրի առանձին արտադրողի ու ապրանքանիշի հստակ խմբաքանակի:

Հայաստանի Հանրապետություն չի մտնում և չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք»,-ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։

Placeholder
ՍԱՏՄ. Հայաստան չի մտնում և չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք