Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պարգև սրբազանը շնորհակալություն է հայտնում 18-20 տարեկան հերոս տղաների ծնողներին
«Մենք չենք սկսել պատերազմը, երբեք պատերազմ չենք սկսել, երբեք զինադադարը չենք խախտել: Հերթական անգամ նենգաբար սկսեցին լայնածավալ ու դաժան պատերազմ՝ ահռելի զինանոցով: Ոչ միայն Ադրբեջանը, Թուրքիան ամեն ինչով սատարում է, վարձու ահաբեկիչներ են բերել»,- ասուլիսում ասաց Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ հենց մարտի դաշտում հայ զինվորները համառորեն դիմադրում են նրանց կատաղի հարձակումներին, նրանք սկսում են վրեժխնդիր լինել, քաղաքները, գյուղերը ռմբակոծում են:
Երեկ թշնամին նաև հարվածներ է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն: Սրբազան հայրն ասաց, որ հատուկ փորձել են մեր խաչի նշանը վիրավորել, մեզ հուսահատեցնել։
«Միջազգային տեռորի ձեռագիրն է սա: Շատ լավ հասկանում ենք: Մի նախագահ տեռորիստ՝ Էրդողան, որը պատրաստում է տեռորիստների, պահում է, ուղարկում է այս մի տեռորիստ նախագահ Ալիևին, վարձում է նրան ու ուղարկում մարտադաշտ: Մեր դեմ շատ ուժեր են պայքարում: Մենք ենք, մեր Աստված ու մեր բանակը»,- ասաց Արցախի թեմի առաջնորդը:
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի խոսքով, 18 -20 տարեկան տղաներն, իրոք, հերոսների հերոս են, հիանալ կարելի է: Նա շնորհակալություն հայտնեց նրանց ծնողներին՝ մեր հայրենիքին այսպիսի հզոր հերոս տղաներ դաստիարակելու համար:
«Իրենց գործը մեծագույն հերոսություն է: Այդ ամեն օրվա հրետակոծության ժամանակ սարի պես կանգնած են: Այո, ուժերն անհավասար են, բայց դա չի նշանակում, որ մենք չենք դիմադրելու: Կատաղի դիմադրում ենք: Մեր գործն արդար է: Ամեն մարդ, պետություն, ազգ իրավունք ունի պաշտպանվելու, իր սրբազան պարտականությունն է, ինչն էլ մենք անում ենք: Մենք խաղաղ ժողովուրդ ենք, ոչ մեկի մահը չենք ցանկանում: Սա մեր ճակատագիրն է, փորձությունն է:
Մենք այսօր մեր քննությունն ենք հանձնում պատմությանը, մենք մեզ և մեր Աստծուն: Դուրս ենք գալու այս փորձությունից, վստահ եմ՝ մեզ պետք է ազգային միաբանություն, համազգային աղոթք, հզոր կամք, անսասան ոգի, ինչն ունեն մեր զինվորները:
Համախմբվենք, ուս ուսի տանք և մեր հացերը կլուծենք: Մի օր, մի ժամ շուտ վստահ եմ՝ զինադադարը լինելու է»,- ասաց սրբազան հայրը:
Նա հիշեցրեց, որ 90-ականներին թշնամին նորից թիրախավորել էր Գանձասարը, վնասել էին, Ամարասը, նույնիսկ Գյուլիստանի Ամենափրկիչ եկեղեցին, երբ շահումյանցիներից ոմանք չէին հասցրել փախչել, յոթ հոգու գլուխ կտրել ու գցել էին խորանի վրա, գմբեթը պայթեցրել:
«Նույն ձեռագիրն է, բարբարոսների ձեռագիր, ահաբեկիչների ձեռագիր: Բարբարոսներ են: Սա մեզ համար հասկանալի ու ընկալելի էի: Մենք մզկիթների ձեռք չենք տվել, նույնսիկ Շուշիի մզկիթը մեր կարողությամբ նորոգել ենք»,- ասաց Պարգև սրբազանը:
Հենց այդ պահին կրկին հարվածում էին քաղաքին. «Ահա, խփում են, նորից քաղաքն են կրակում»:
Իր խոսքում սրբազան հայրը վստահեցրեց, որ Շուշիի եկեղեցին, քաղաքը, Ստեփանակերտը, բոլոր քաղաքներն ու գյուղերը, ենթակառուցվածքները, որոնք վնասվել են, անպայման վերականգնելու են: