Ռուսաստանի ԱՆ-ն գնահատել է Արցախում վիրավորված ռուսաստանցի լրագրողի վիճակը
Աշխարհում
01:43 10/10/2020
Աշխարհ

Ռուսաստանի ԱՆ-ն գնահատել է Արցախում վիրավորված ռուսաստանցի լրագրողի վիճակը

Լեռնային Ղարաբաղում վիրավորված ռուսաստանցի լրագրող Յուրի Կոտենոկի առողջական վիճակը թույլ չի տվել նրան տեղափոխել Մոսկվա, նրան օգնություն ցուցաբերում են Հայաստանի մասնագետները։ Ռիա նովոստիի հաղորդմամբ՝ հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։

«Ինչքան մեզ հայտնի է, ներկա պահին նրա առողջական վիճակը թույլ չի տալիս նրան տեղափոխել։ Նրան բժշկական օգնություն են ցուցաբերում մասնագետները Հայաստանում։ Դեռ վաղ է կանխատեսումներ անել»,- ասել է Կուզնեցովը լրագրողներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոսսիա»  հատուկ ավիացիոն ջոկատի ինքնաթիռով Երևանից Մոսկվա էր տեղափոխվել  Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորված ռուսաստանցի երեք լրագրողից երկուսը։ Եվս մեկ լրագրող ծանր վիրավորումով մնացել էր Երևանում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծության հետևանքով վիրավորվել էր 3 ռուսաստանցի լրագրող։ Նրանք Ստեփանակերտից տեղափոխվել էին Երևան։

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը: Բնակչությանը կոչ է արվել պատսպարվել։

Թե Հայաստանում, թե Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
 

Placeholder
Ռուսաստանի ԱՆ-ն գնահատել է Արցախում վիրավորված ռուսաստանցի լրագրողի վիճակը