Ջավախքից բերված հումանիտար օգնությունը մաքսային գանձումից հետո ի վերջո հանձնված է հասցեատերերին
Հասարակություն
18:16 29/10/2020
Հայաստան

Ջավախքից բերված հումանիտար օգնությունը մաքսային գանձումից հետո ի վերջո հանձնված է հասցեատերերին

ԶԼՄ-ներում տեղեկություններ էր տարածվել, որ հոկտեմբերի լույս 29-ի գիշերը երեք խոշոր բեռնատարներով Ջավախքից Հայաստան է բերվել հերթական մարդասիրական բեռը՝ 55 տոննա կարտոֆիլ, սակայն Չարբախի «Ուրբան» մաքսային տերմինալում բեռն ուղեկցող անձինք  բյուրոկրատական քաշքշուկների մեջ են ընկել և չեն կարողանում այն ուղարկել Արցախ։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը Panorama.am-ին հայտնեց, որ հումանիտար բեռների փաստաթղթերում եղել են անհամապատասխանություններ, որոնք թույլ չեն տվել ըստ գործող կարգավորումների պատշաճ իրականացնել բեռների ձևակերպումները:

Նրա խոսքով, մաքսային  ծառայության աշխատակիցները բեռն ուղեկցող քաղաքացիների հետ անմիջապես ձեռնամուխ են եղել փաստաթղթերի ձևակերպումների շտկման աշխատանքներին, որն առարկայորեն որոշակի ժամանակ է պահանջել:

Լուսինե Մկրտչյանը հայտնեց, որ  հումանիտար բեռների ձևակերպումներն ավարտվել են և դրանք հանձնվել են հասցեատերերին՝ ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչությանը և ԱԻՆ-ին:

Հարցին, թե՝ իսկ գանձումը պարտադի՞ր է, եթե բեռը հումանիտար օգնություն է, մեզ մատնացույց արեցին Հոդված 19.9-ը, ըստ որի՝  մաքսային ձևակերպումների համար գումար է գանձվում, տվյալ դեպքում՝ 37 հազար դրամ։ 

Այլ կերպ ասած՝ մոտ 200 կգ շատ լավ կարտոֆիլ։



 

Placeholder
Ջավախքից բերված հումանիտար օգնությունը մաքսային գանձումից հետո ի վերջո հանձնված է հասցեատերերին