Խտրականություն և խարան է դրսևորվում ՄԻԱՎ-ով ապրողների հանդեպ. Լենա Նանուշյան
Առողջություն
15:16 02/12/2020
Հայաստան

Խտրականություն և խարան է դրսևորվում ՄԻԱՎ-ով ապրողների հանդեպ. Լենա Նանուշյան

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց, որ խտրականություն և խարան է դրսևորվում ՄԻԱՎ-ով ապրողների հանդեպ, քանի որ  այլ բժշկական կենտրոններում նրանց ծառայություն չեն մատուցում՝  ուղղորդելով ՁԻԱՀ-ի ազգային կենտրոն:

Առողջապահության փոխնախարարը պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հարցին, թե արդյո՞ք ՁԻԱՀ-ի ազգային կենտրոն ունենալը հակասում է միաջազգային փորձին և ինչո՞ւ է որոշվել այն փակել:

Նանուշյանը հայտնեց, որ կենտրոնի գործունեությունը միջազգային իրավունքի հետ որոևէ հակասություն չէր կարող ունենալ, իսկ նրա վերացման նպատակը եղել է ընդհանուր առողջապահական ծառայություններում այդ ծառայության ինտեգրումը: Նրա խոսքով, նման ինտեգրումներ արվել են նաև Վրաստանում Ղազախստանում և Մոլդովայում:

Ըստ փոխնախարարի, շատ քիչ երկրներում է, որ կան առանձին կառույցներ, որոնք զբաղվում են միայն ՄԻԱՎ-ով վարակվածների կյանքի կարգավորման խնդիրներով, քանի որ այդ ծառայությունները հիմնականում ինտեգրված են:

Լենա Նանուշյանը նաև հայտնեց, որ ՁԻԱՀ-ի ազգային կենտրոնի ծառայությունների ինտեգրման աշխատանքները կազմակերպելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների հետ ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի հիվանդների տեղաշարժը, և լուծումներ կառաջարկի ինտեգրված ծառայություններ մատուցելու համակարգի վերաբերյալ:

Փոխնախարարը նկատեց, որ այդ գործընթացը ներկայում կանգնած է համաճարակի և պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով:

Placeholder
Խտրականություն և խարան է դրսևորվում ՄԻԱՎ-ով ապրողների հանդեպ. Լենա Նանուշյան