Այս հոդվածով մենք ՄԻԱՎ-ով վարակելու վտանգի ենթարկելը դիտում ենք որպես նորմալ արարք. Վլադիմիր Վարդանյան
Առողջություն
13:58 02/12/2020
Հայաստան

Այս հոդվածով մենք ՄԻԱՎ-ով վարակելու վտանգի ենթարկելը դիտում ենք որպես նորմալ արարք. Վլադիմիր Վարդանյան

«Մենք փորձել ենք մեղքի երկու տարբերկաներն էլ մեկ հոդվածի շրջանակներում նույն մեղմ սանկցիայով դիտարկել և զերծ մնալ անիրատեսական չապացուցելի հոդված ունենալուց»,- ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց Առողջապահության նախարարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով ՄԻԱՎ-ով վարակելու դեպքերի համար Քրեական օրենսգրքի հոդվածի փոփոխությունը:

Ավանեսյանը հայտնեց, որ օրենսգրքի գործող հոդվածով ՄԻԱՎ-ով վարակելու ակնհայտ վտանգի ենթարկելու դեպքերի համար քրեական պատժի մեծ չափ է նախատեսվում, բայց քանի որ այն գործնականում հնարավոր չէր ապացուցել, որոշել են հանել այդ դրույթը:

Վերջինս նշեց, որ Հայաստանը մեկն է այն 13 երկրներից, որտեղ քրեական պատիժ կա ՄԻԱՎ-ով վարակելու  ակնհայտ վտանգների դեպքերի համար, որի վերացումը նաև միջազգային կառույցների պահանջ է:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատեց, որ Առողջապահության նախարարությունն առաջարկում է ապաքրեականացնել հոդվածը, բայց դրա համար նույնիսկ վարչական պատասխանատվություն չի սահմանվում:

«Փաստորեն այս հոդվածով մենք փաստացի մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակելու վտանգի ենթարկելը դիտում ենք որպես նորմալ արարք, այսինքն՝ արարքը վարչական պատասխանատվության էլ չի ենթարկվում»,- նկատեց Վարդանյանը:

Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն էլ հայտնեց, որ միջազգային պրակտիկայում այդ արարքի համար ցանկացած պատիժ խոչընդոտ է համարվում ՄԻԱՎ-ի ոլորտում առողջապահական ծրագիր իրականացնելու համար:

Ըստ նրա, ՄԻԱՎ-ի ոլորտում ակնհայտ վտանգի ենթարկելը հնարավոր չէ ապացուցել: Փոխնախարարը որպես օրինակ նշեց այն դեպքը, երբ ՄԻԱՎ-ով վարակված կինը հղիանում է և հնարավոր չէ սահմանել, թե նա ակնհայտ վտանգի է ենթարկում իր ապագա երեխային, թե ոչ, իսկ գործող հոդվածը որևէ լուծում չի առաջարկում:

Լենա Նանուշյանը հայտնեց, որ պահպանվում է Քրեական օրենսգրքի այն հատվածը, ըստ որի՝ իր հիվանդության մասին իմացող անձի կողմից մարդուն իմունային անբավարարության վիրուսով դիտավորությամբ վարակելը քրեական պատասխանատվություն է ենթադրում,  բայց հանում են ակնհայտ վտանգի ենթարկելու դեպքերի դրութը:

Ներկայացնելով նախագծերի փաթեթի մյուս նախագիծը՝ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը, առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նկատեց, որ դրանով ուժեղացվում է մարդու իրավունքների պաշտպանությունը՝ հատկապես ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները: 

Նրա խոսքով, օրենքի նախագծով մեծացվում է բժշկական ծառայությունների և թեստավորումների հնարավորությունները բոլոր խմբերի համար՝ այն համապատասխանեցնելով մարդու իրավունքների միջազգայի նորմերին և ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նոր մոտեցումներին:

Placeholder
Այս հոդվածով մենք ՄԻԱՎ-ով վարակելու վտանգի ենթարկելը դիտում ենք որպես նորմալ արարք. Վլադիմիր Վարդանյան