17-ի փոխզիջում՝ հիմքում սպառնալիքները համատեղ ջանքերով լուծելու հրամայական. Արա Սահակյան
Քաղաքական
15:09 04/12/2020
Հայաստան

17-ի փոխզիջում՝ հիմքում սպառնալիքները համատեղ ջանքերով լուծելու հրամայական. Արա Սահակյան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, դիվանագետ Արա Սահակյանը ընդդիմադիր 17 կուսակցությունների՝ վարչապետի միասնական թեկնածու առաջադրելու որոշումը քաղաքական բանակցությունների, համաձայնության տեսանկյունից բացառիկ երևույթ է գնահատում: Panorama.am-ը զրուցել է Արա Սահակյանի հետ: 

Հարց-Ընդդիմադիր ուժերի կողմից առաջադրվեց վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը: Ինչո՞ւ հենց նա ընտրվեց որպես անցումային կառավարության ղեկավարի թեկնածու: 

Ա.Սահակյան-Ըստ սահմանման, շատ դժվար է մեծ խմբով և տարբեր քաղաքական ուղղությունների, սկզբունքների դավանող կուսակցությունների կողմից միասնական որոշմումների գալը: Բայց, տեսնում եք, արդեն որքան ժամանակ է այդ ձևաչափով հաջողությամբ աշխատանքներն առաջ են գնում: Հիմնական նպատակն է ձախողված, պարտված իշխանությունից օր առաջ ազատվելը:

Ինքս էլ 17-ի ձևաչափում մասնակցելով տարբեր խնդիրների քննարկմանը՝ նկատել եմ, որ առաջին հայացքից պարզ թվացող հարցերը  երկարատև քննարկումների ճանապարհ են անցնում, ինքնին որոշումներն այնտեղ ի վերջո գալիս են այնպիսի մի հանգրվանի, որ բոլորը բոլորին ինչ-որ բանում զիջում են: Այսինքն՝ 17-ի փոխզիջում: Նույնիսկ մեխանիկորեն, եթե պատկերացնում եք, որքան բարդ է, բայց արվում է: Միշտ նկատել եմ, որ բոլոր կուսակցությունների ղեկավարներն էլ, 1-2 չնչին բացառությամբ, բոլորը հակված են  ավելի շատ ընդհանուր շահերից բխող որոշումների գնալ, քան կուսակցական միակողմանի հավակնությունները սրել և այլն:

Եթե հիմա խոսում եմ հայտարարություների, որոշ ակցիաներ կատարելու, կազմակերպական այլ խնդիրների մասին, հիմա պատկերացրեք, որ վարչապետի ընդհանուր թեկնածուի որոշումն ինչ քննարկման ճանապարհ է անցել, բոլորն ինչպիսի փոխադարձ զիջումների են գնացել: Վազգեն Մանուկյանն ինքն էլ համաձայնվել է  կուսակցությունից դուրս գալ, անցումային շրջանն ավարտելուց հետո ընտրություններին չմասնակցել և այլն: Դա նաև ցույց է տալիս, որ ինքն էլ էր պատրաստ փոխադարձ զիջումների:

Այս ամենի հիմքում հայրենիքի՝ Հայաստանի, Արցախի առջև կանգնած մեծագույն սպառնալիքները համատեղ ջանքերով լուծելու հրամայականն է: 

Այդ որոշումը գնահատում եմ բացառիկ երևույթ մեր քաղաքական իրավիճակում, երբ 17 կուսակցություն համաձայնության է գալիս մեկ թեկնածուի շուրջ: Դա նշանակում է,  որ կա փոխըմբռնում, կոնսենսուս: Դա շատ օգտակար է, ուսանելի է ճգնաժամային իրավիճակներում, կարծում եմ՝ հետագայում էլ կլինի լավագույն օրինակ: Քաղաքական բանակցությունների, քաղաքական համաձայնության տեսանկյունից բացառիկ երևույթ է:

Հարց-Պարոն Սահակյան, նա կարո՞ղ է երկիրն այս վիճակիվց դուրս բերել, բանակցությունների սեղանի շուրջ ներկայացնել Հայաստանի շահերը:

Ա. Սահակյան-Այո, Այո: Նկատի ունեցեք, որ մենք խոսում ենք ոչ թե գործառույթի մասին, որը մարդը միայնակ պետք է անի, խոսում ենք կառավարություն, կառավարությունը ղեկավարելու մասին: Դա քաղաքական պատասխանատվություն է, քաղաքական թիմային աշխատանք է, աջակցություն է: Հենց այդ որոշումն ընդունած բոլոր կուսակցությունների աջակցությամբ է նա ծրագրերն իրականացնելու: Երբ խոսում ենք՝ ունակ կլինի՞ արդյոք ապագա կառավարությունն այս կամ այն խնդիրներն իրականացնել, միշտ պետք է ելնել նրանից, որ նրա թիկունքում կանգնած են այդ կուսակցությունները:

Հարց-Դուք աշխատել եք Վազգեն Մանուկյանի հետ, ինչպե՞ս կգնահատեք նրա աշխատելաոճը:

Ա.Սահակյան-Մենք իրար հետ պատգամավոր ենք եղել: 1990 թվականին ՀՀՇ-ի և աջակցող ուժերի կողմից  նա ընտրվել է վարչապետ Հայաստանի համար ամենալարված վիճակում: Պատոնաթողությունից մեկ տարի անց կրկին վերադարձավ ճգնաժամայի շրջանում պետնախարարի, պաշտպանության նախարարի պաշտոններով:  Դա մեզ համար հաղթանակների, հաջողությունների շրջան էր: Բայց այստեղ էլ չի կարելի ուռճացնել մեկի դերը, նվազեցնել մյուսների:  Երբ խոսում ենք կառավարության մասին, միշտ պետք է դիտել որպես թիմային աշխատանք:

Հիմա էլ, ի դեպ, շատ սխալ է արվում, որ անընդհատ վարչապետի պատասխանատվությունն է նշվում:  Միշտ պետք է խոսել կառավարության պատասխանատվության մասին: Քաղաքական պատասխանատվություն կրում է ողջ թիմը և հաջողության, և անհաջողության համար:

Ահա սեփական փորձի, անհաջողությունների, Հայաստանում կատարված իրադարձությունների ամբողջ ընկալումը, վերլուծումը, իմաստավորումը բերել է նրան, որ այս պահին, այս իրավիճակում Վազգեն Մանուկյանը կարող է ճգնաժամային կառավարման իրեն վերապահված շրջանն անցկացնել պատվով, ամենակարևորը՝ թիմով:

Եվ ես նրան հաջողություն եմ մաղթում այդ աշխատանքում: 

 


 

Placeholder
17-ի փոխզիջում՝ հիմքում սպառնալիքները համատեղ ջանքերով լուծելու հրամայական. Արա Սահակյան