«Իմ քայլի» պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը
Քաղաքական
00:05 04/12/2020
Հայաստան

«Իմ քայլի» պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արգիշտի Մեխակյանը գրում է. 

«Սիրելի՛ հայրենակիցներ, այն, ինչ պատահեց Արցախի հետ, համարել և համարում եմ նախ և առաջ ի՛մ անձնական և ընտանեկան ողբերգությունը։ Ինչպես յուրաքանչյուր հայ` ես նույնպես  չեմ կարող հաշտվել  այս իրողության հետ։ Ուստի գտնում եմ, որ հիմա երկիրն այս ճգնաժամից հնարավորինս արագ դուրս բերելու համար առավել քան երբևէ  պետք է յուրաքանչյուրս ուժերի գերլարումով զբաղվի այն գործով, որտեղ իր  ռեսուրսի օգտագործումը կլինի առավելագույնը։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված` մարտահրավերների լուծման համար պատգամավորական մանդատիս ռեսուրսը գնահատում եմ ոչ բավարար և մանդատս վայր դնելու վերաբերյալ որոշում եմ կայացրել։ Սակայն ուզում եմ հավաստիացնել, որ, ինչպես նախկինում, հետայսու նույնպես իմ բոլոր ջանքերն ու քայլերն ուղղված են լինելու ի շահ մեր հայրենիքի և մեր ժողովրդի՝ անկախ նրանից, թե ո՛ր ոլորտում գործունեություն կծավալեմ և որտե՛ղ նպատակահարմար կհամարեմ:

Այս դժվարին ժամանակահատվածում առկա մարտահրավերներին դիմակայելու և պատվով հաղթահարելու համար մեզ, առավել քան երբևէ, անհրաժեշտ են  բացառիկ համախմբվածություն և հոգատարություն միմյանց նկատմամբ»։ 

Նա ընտրվել է ԱԺ պատգամավոր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ավելի ուշ նա հետգրություն էր ավելացրել.

«Հ. Գ.
Ավելացնեմ նաև, որ աշխատանքային գործունեությունս կշարունակեմ իմ հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ»:

Placeholder
«Իմ քայլի» պատգամավոր Արգիշտի Մեխակյանը վայր է դնում մանդատը