Սյունիքի Տեղ համայնքը հողերը կորցնելուց հետո ծանր իրավիճակում է
Օրվա թեմա
16:53 10/12/2020
Հայաստան

Սյունիքի Տեղ համայնքը հողերը կորցնելուց հետո ծանր իրավիճակում է

«Խնդիրն օրհասական է: Այսօր արդեն պետք է մտածել, վաղը ուշ է լինելու:

Սիրելի հայրենակիցներ, ինչպես արդեն գիտեք, Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքը նույն կարգավիճակում գտնվող այլ համայնքների հետ միասին պատերազմից հետո հողերը կորցնելու արդյունքում հայտնվել է սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Դավիթ Դավթյանը։

Նա նշել է՝ գյուղը զբաղվում էր մեծ մասշտաբի անասնաբուծությամբ՝ ոչխարաբուծությամբ և տավարաբուծությամբ: Որպես արոտ ծառայում էին ազատագրված հողերը, որոնք, ցավոք սրտի, կորցրեցինք:

«Ցավոք, գյուղացիների մեծ մասը հասկանալի պատճառներով «վաճառեցին» ունեցածը՝ ապրուստի միջոցը: Գյուղացիները հողին կպած են ամուր, պինդ են, բայց սպասվող աղետը իր հերթին կբերի գյուղից դուրս գալուն և արտագաղթի: Դա անթույլատրելի է, ընկերներ: Ռազմավարական նշանակության խնդիր է:

Սահմանապահը պետք է ծաղկի, մարդիկ` աշխատեն:

Արդեն մեկ շաբաթ է` հանդիպումներ եմ ունենում ոլորտի պատասխանատուների, տարբեր գործարարների, միջազգային կազմակերպություների ներկայացուցիչների հետ: Գրեթե ամեն օր խոսում եմ արտաքին շուկայում՝ մասնավորապես ՌԴ-ում, կայացած հայկական պրոդուկտի վաճառքով զբաղվող մեր հայրենակիցների հետ, ովքեր վաղուց արդեն իմ գործընկերներն են:

Արդյունքում, կոնսոլիդացնելով մարդկային ռեսուրսները, հաշվի առնելով և հաշվարկելով գյուղի ունեցածը, կարող ենք ասել, որ ամեն բան կարող է լավ լինել:

Առաջիկայում (մեկ շաբաթվա ընթացքում) կներկայացնեմ ձեզ ստեղծված տնտեսական աղետը հաղթահարելու, նոր «դռներ» բացելու մեր տեսլականը՝ զարգացման ռազմավարությունը, որի հիմքը գյուղատնտեսությունը և գյուղարտադրությունն է: Ինչպես ասել եմ այս թեմայով նախորդ գրառումներիցս մեկի մեջ, չենք կոտրվելու, սյունեցին պինդա, մնացածը` ընթացքում»,- գրել է նա։

Placeholder
Սյունիքի Տեղ համայնքը հողերը կորցնելուց հետո ծանր իրավիճակում է