Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունը չընդունեց Դիանա Գալոյանին ՀՊՏ համալսարանի ռեկտոր նշանակելու մասին որոշումը
Կառավարությունն այսօրվա նիստում չընդունեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքների հաստատման մասին որոշումը։
Հարցը զեկուցող Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ հուլիսի 17-ին եղել են ընտրություններ՝ նախապես հայտարարված ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթի դիմած թեկնածուների միջև եղել է մրցակցային ընտրություն:
«Մասնակցել են երկու թեկնածու, ընտրվել է Դիանա Գալոյանը։ Ամբողջ գործընթացը առկա փաստաթղթերով համապատասխանում են սահմանված կարգին, առաջարկում եմ հաստատել ընտրության արդյունքը»,-հայտնեց նախարարը ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը չհամաձայնեց իր գործընկերոջ հետ՝ նշելով, որ ընտրությունների հետ կապված եղել է դատական հայց, դատարանի կողմից եղել է որոշում՝ ընտրությունների իրականացումը կասեցնելու մասին՝ հաշվի առնելով խորհրդի և ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները։
«Ես ինքս հանդիասում եմ խորհրդի անդամ, նշանակվել եմ վարչապետի խորհրդական լինելու ժամանակ, այդ ժամանակ դատարանի մեկ այլ որոշմամբ, նիստից ընդամենը 10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը, ընդ որում երկու դատարաններն էլ եղել են առաջին ատյանի դատարաններ։ Այս պահին նաև կա ԿԳՄՍՆ-ի դիմած դատական հայց՝ կախված այդ խորհրդի նիստի հետ կապված ընտրությունների, հետեևաբար, ես կարծում եմ, որ առնվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա այս հարցի շուրջ»,-հայտնեց Մեսրոպ Առաքելյանը։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցը հանեց օրակարգից և հայտնեց, որ որոշման վերաբերյալ մեկ շաբաթվա ընթացքում քննարկում կլինի, եթե կարիք լինի՝ հեռակա կարգով կընդունվի։