Սյունիքի նախկին մարզպետ. Ադրբեջանի ԶՈւ-ն արդեն ավելի է մոտեցել օդանավակայանին
Քաղաքական
16:58 21/12/2020
Հայաստան

Սյունիքի նախկին մարզպետ. Ադրբեջանի ԶՈւ-ն արդեն ավելի է մոտեցել օդանավակայանին

«Սա քաղաքական հետապնդում է, որը փորձում են կոծկել իրավական որոշ պրոցեսների տակ»,- ՔԿ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը՝  խոսելով Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանի ձերբակալության մասին:

Նրա խոսքով, երկրում բացարձակ անիշխանություն է, Նիկոլ Փաշինյանը վախեցավ Սիսիանից առաջ շարժվել:

«Իրենք սխալ մոտեցում դրսևորեցին՝ համոզված լինելով, որ Առուշ Առուշանյանի ձերբակալումը կբերի ինչ-որ պրոցեսների հանգուցալուծմանը, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը` ավելի զայրացրին ժողովրդին: Այս զայրույթն ապագայում տրանսֆորմացիայի է ենթարկվելու և ավելի մեծ ու ընդլայնված բողոքի ակցիաների է բերելու»,- ասաց Վ.Հակոբյանը:

Նա նշեց, որ Սիսիանում կատարվել է իշխանության կողմից ավանդական քայլեր՝ վարչական ռեսուրսը հանել ու բերել են մեջտեղ, 300-350 հոգի է եղել հանդիպմանը: 

Վ. Հակոբյանն ընդգծեց՝ եթե կառավարությունն այս ոճով շարունակի, Աստված գիտի, թե ինչի այս ամենը կբերի:

«Բոլոր համայնքների ղեկավարների վրա ահռելի ճնշումներ են գործադրվել այս քանի օրը, մերձավոր բարեկամներին են կանչել քննչական կոմիտեներ և սպառնացել են, որ այս-այս գործողությունները կկատարվի, եթե հետ չկանգնեք»,-ասաց նա:

Վ. Հակոբյանը նշեց, որ այժմ Քննչական կոմիտեի դիմաց է որպես Սյունիքի նախկին մարզպետ, որպես Առուշ Առուշանյանի ընկեր, որպես մարդ, ով ծայրահեղ զայրացած է ստեղծված իրավիճակով:

Սյունիքի նախկին մարզպետի խոսքով, Նիկոլ Փաշինյանը զբաղված է միայն իր անձնական անվտանգությունն ապահովելով:

«Այսօր Սյունքիում սահմանները շարունակում են մնալ վտանգված: Այսօր տեսա, որ ադրբեջանական զինված ուժերն արդեն ավելի են մոտեցել օդանավակայանին և արդեն հիմնավոր աշխատանքներ են սկսել»,- ասաց Վ.Հակոբյանը: 

 

Placeholder
Սյունիքի նախկին մարզպետ. Ադրբեջանի ԶՈւ-ն արդեն ավելի է մոտեցել օդանավակայանին