Նազելի Վարդանյան. Հերքում չպետք է տամ
Իրավունք
18:05 24/12/2020
Հայաստան

Նազելի Վարդանյան. Հերքում չպետք է տամ

ՀՀ վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի բողոքն ընդդեմ «Լիդիան Արմենիա» ընկերության։ Panorama.am-ի հետ զրույցում իրավաբանն ասաց, որ որոշումը դեռ չի ստացել, ոչ էլ ծանուցված է եղել դատական նիստի մասին։

«Իմ բողոքը մասնակի բավարավել է։ Բողոքել էի՝ անվավեր ճանաչվի  Առաջին ատյանի դատարանի որոշումը, որի համաձայն ես պետք է հերքում տայի ու 100 հազար գումար վճարեի։ Վերաքննիչում որոշվել է, որ հերքում չպետք է տամ, գումարային վճարումներ կան և իմ, և  իրենց կողմից»,- ասաց նա։

Ամիսներ առաջ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր «Լիդիանի» հայցադիմումն ընդդեմ Նազելի Վարդանյանի` հրապարակային քննարկման ընթացքում վերջինիս կողմից ընկերության հասցեին հնչեցված հայտարարությունները, այդ թվում կոռուպցիայի մեջ մեղադրանքները համարելով զրպարտություն: Նազելի Վարդանյանը Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

Անդրադառնալով  ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, որ Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն, բնապահպան-իրավաբանն ասաց, որ նա խոսում է մի բանի մասին, որից տեղյակ չէ, ինչը ոչ պրոֆեսիոնալ  մոտեցում է։

Նշենք՝  նախարարը մասնավորապես ասել էր. «Ես չեմ տեսել իր բնապահպանական վնասների վերաբերյալ մանրամասն հաշվետվություն և չեմ կարդացել դա: Այսինքն՝ ես մի կողմից՝ գիտեմ օգուտները, բայց մյուս կողմից՝ վնասները:

Այս վերջերս առիթ եղավ, տեսաք, Սոթքի հանքի հետ կապված ինչ աղմուկ բարձրացավ, այսինքն՝ մենք Հայաստանի 4-րդ հարկատուին կորցնելիս, կարելի է ասել, վայնասուն ենք բարձացնում, կամ, ասենք, շատ ցավոտ ենք ընդունում, բայց պոտենցիալ առաջին հարկատուին ուղղակի չենք թողնում բացվի: Որովհետև Ամուլսարը կարող է դառնալ համար մեկ հարկատուն»:

«Նորանշանակ նախարարն ասաց, որ  էկոլոգիական վնասների մասին չգիտեն, օգուտների մասին գիտեն։ Փաստորեն, օգուտների մասին էլ չգիտի, քանի որ այդ օգուտները, վնասները որևէ մեկը չի գնահատել։

Ասում է` Սոթքի համար աղմուկ եք բարձրանում, 4-րդ հարկատուն է, իսկ առաջին հարկատուին չեք թողնում աշխատել։ Եթե Սոթքի հետ է համեմատում, Սոթքում 1 տոննայի մեջ կա 6,9 գրամ ոսկի, իսկ Ամուլսարում՝ 0,7 գրամ, գերթե 10 անգամ Սոթքն ավելի շատ ոսկի ունի։ Եթե չորրորդ հարկատուն է, ինչպե՞ս կարող է 10 անգամ պակաս ոսկի ունեցող պոտենցիալ հանքը դառնա առաջին հարկատուն։

Աշխարհում ընդունված նորմատիվներ կան՝ 1 գրամից պակաս պարունակություն ունեցող հանքերին ընդհանրապես չեն մոտենում, քանի որ տնտեսապես արդյունավետ չեն, զարգացած երկրներում՝ 1 տոննայի մեջ 2 գրամից պակաս պարունակություն ունեցող հանքերը չեն գործարկվում, քանի որ ցիանիդ չեն կարող օգտագործել, իսկ առանց ցիանիդի ոսկի հնարավոր չէ կորզել։ Դրա համար Ամուլսարում նախատեսում են ցիանիդի օգտագործում»,- ասաց Ն. Վարդանյանը։

Ըստ նրա, սա նախարարի՝ տեղյակ չլինելու առաջին փաստն է։ Իսկ երկրորդն այն է, որ «Լիդիան» ընկերությունը գտնվում է սնանկացման պրոցեսում։

«Սեպտեմբերի 11-ին Ջերսիի դատարանը որոշել է սնանկ ճանաչել, սնանկացման երկու կառավարիչներ՝ լուծարողները են նշանակվել, որոնք պետք է վերջին հարաբերություններն ավարտեն պարտք ու պահանջի հետ, դրանով իրենք սնանկ են ճանաչվում։ Ինչպե՞ս կարող է սնանկ ճանաչված կազմակերպությունը դառնա առաջին հարկատուն»,- նշեց Ն.Վարդանյանը։ 

Placeholder
Նազելի Վարդանյան. Հերքում չպետք է տամ