Երվանդ Բոզոյան. Մարդիկ ապրում են իրենց սոցիալական խնդիրներով, չունեն քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակ
Քաղաքական
14:04 19/01/2021
Հայաստան

Երվանդ Բոզոյան. Մարդիկ ապրում են իրենց սոցիալական խնդիրներով, չունեն քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակ

«Մարտի 1-ի գործով այս դատավարության պատվիրատուն, կարծում եմ, Թուրքիան է և իր գործընկեր Ադրբեջանը։ Հենց սկզբից էր դա պարզ»,-Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նա այստեղ մասնակցում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ նստավայրի դիմաց ընթացող բողոքի ակցիային։

«Երբ ասում ենք «Շուշին ազատագրողներին դատում են Շուշին հանձնողները, մետաֆորա է,  բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այս դատավարության պատվիրատուն դրսից է։ Կարող ենք ասել, որ այսօր Երևանում Ալիևն է դատում Քոչարյանին, ինչը մեր բոլորիս ամոթն է։ Եվ ցանկացած մարդ, որ ունի քաղաքացիական արժանապատվություն, պարտավոր է լինել այստեղ»,-նշեց Բոզոյանը՝ ավելացնելով, որ հակառակ դեպքում Ալիևի ձեռքերն ու նրա GPS-ը հասնելու են Արարատ, Երևան ու մյուս քաղաքներ։

Թե ինչու է նման պայմաններում լռում հանրությունը, քաղաքագետն ունի իր համոզմունքը՝ բնակչության գերակշռող մասն աղքատ ու սոցիալապես անապահով է, ունի սոցիալական կարիքներ, ապրում է իր խնդիրներով, այդ մարդկանց մոտ, ըստ էության, բարձր չէ քաղաքացիական գիտակցությունը։

«Դրա համար այդ մարդկանց չի կարելի մեղադրել։ Մինչև այդ մարդկանց համար սոցիալական բանաձև չգտնի այսօրվա քաղաքական վերնախավը, նա չի կարող կոնսոլիդացնել մեր հանրությանը։ Եթե մենք չկարողանանք այդ խնդիրը լուծել, դա կանեն դրսի ուժերը՝ Թուրքիան, Ադրբեջանը, կամ այլք»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այս պահին դատարանի դիմաց շատ  քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում՝  իրենց ձեռքում պահելով «Թուրքի դեմ կզածները դատում են թուրք կզցնողներին»,  «Շուշին ծախած իշխանություն vs Շուշին ազատագրած հերոսներ», «Թուրքին կզցրած հերոսներ vs թուրքի սապոգը լպստող իշխանություն», «Ո՞ւմ պատվերով էիք կարում «Մարտի 1-ի գործը» ու այլ գրություններով ցուցապաստառներ։

Այստեղ   նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։


 

Placeholder
Երվանդ Բոզոյան. Մարդիկ ապրում են իրենց սոցիալական խնդիրներով, չունեն քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակ