6000 վիրավորվածների մեջ չեն մտնում 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամները. Մեսրոպ Առաքելյան
Առողջություն
12:31 27/01/2021
Հայաստան

6000 վիրավորվածների մեջ չեն մտնում 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամները. Մեսրոպ Առաքելյան

«Նախագծով առաջարկվում է պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն 500 հազար դրամի չափով»,- կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ ներկայացնելով ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցը:

Նրա խոսքով՝ միջոցառման շահառու է համարվում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած, բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացած անձը, որը չունի հաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ: 

Նախարարը հայտնեց, որ վիրավորում ստացածների շարքում ներառվում են ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլև կամավորները, աշխարհազորայինները:

«Թեև որոշ անձանց մոտ վիրավորումները թեթև են եղել, անցել են բուժման փոքր ժամանակ, բայց այդ անձինք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության որոշակի խնդիր են ունեցել: Սրանով փորձում ենք նաև կորցրած ժամանակի սոցիալական խնդիրները կարգավորել»,- հայտնեց Առաքելյանը:

Ըստ նրա՝ միջոցառման շահառու կհանդիսանա շուրջ 6000 քաղաքացի՝ բացառությամբ հաշմանդամության առաջին և երկրորդ կարգ ունեցողների, որոնց թիվը չի գերազանցում 1000-ը:

«Այս պահին 200-ից ավելի քաղաքացի անցել է բժշկասոցիալական փորձաքննություն ու ստացել հաշմանդամության կարգ: Ամպուտացված անձանց թիվը չի գերազանցում 120-ը»,- հայտնեց Առաքելյանը և հավելեց, որ գումարը կտրամադրվի առավելագույնը 10 օրվա ընթացքում:

Նա հավաստիացրեց, որ փաստաթղթերի անհրաժեշտություն չի լինի, միայն պետք է անձնական տվյալներով ու բանկի հաշվեհամարով դիմել, և էլեկտրոնային եղանակով նույն պահին նույնականացվելու և հաստատվելու է շահառու հանդիսանալը:

Placeholder
6000 վիրավորվածների մեջ չեն մտնում 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամները. Մեսրոպ Առաքելյան