Կիրթ հասարակությունը պաշտպանված է. Դասախոս
Կրթություն, գիտություն
17:03 01/02/2021
Հայաստան

Կիրթ հասարակությունը պաշտպանված է. Դասախոս

«Այս պատերազմը մի բան փաստեց, որ մենք թևակոխել ենք գիտության և տեխնոլոգիաների բավականին ագրեսիվ դար»,- ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրված «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց Հայ-ռուսական համալսարանի ինժեներական ֆիզիկական ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը:

Ըստ նրա, եթե չլինի ճկուն, գիտատար, բավականին լավ զարգացող ոչ մեծ մասշտաբների, բայց զգալի ներդրում ունեցող տեխնոլոգիական տնտեսություն, պրոբլեմներ կունենան նախ և առաջ ռազմի դաշտում:

«Խիստ անհրաժեշտ է այսօր արդեն վերլուծել, թե ինչպիսի ապագա պատերազմներ են մեզ սպասվում: Ցավոք սրտի, այդ վերլուծությունը բավարար կերպով չի արվել նույնիսկ 2016 թվականից հետո»,- նշեց Հ. Սարգսյանը:

Նա պատմեց, որ տաս օր եղել է ռազմաճակատում, տեսել է, թե ինչպես է հայկական կողմը տուժել  հատկապես օդային հարվածների  հետևանքով:

«Հավաստիացնում եմ ձեզ, որ այդ ամենը պետք էր կանխատեսել: Պետք է ստեղծել  վերլուծական կենտրոն, որը զբաղվի նման հարցերով: Պետք է ստեղծել ընդհանուր պլատֆորմ, որի  հիման վրա ռազմական գերատեսչության, գիտության ներկայացուցիչները, ճարտարագետները, արտադրողներն ունենան ընդհանուր հպման կետ, շփվեն, առաջարկներ անեն, եզրակացությունների գան, թե արդյոք  այդ ամենը հնարավոր է  իրագործել Հայաստանում»,- ասաց դասախոսը:

Հ. Սարգսյանը նշեց, որ չպետք է մտածել «Բայրաքթարի» մասին, այլ մեկ քայլ առաջ  նայել:

Ըստ նրա, տեխնիկական, ֆիզիկա- մաթեմատիկական ուղղվածությամբ  բուհերում պետք է վերականգնել ռազմական ամբիոնները:

«Դպրոցը, իրոք, սարսափելի պրոբլեմատիկ տիրույթ է դարձել  Հայաստանի համար: Ֆիզիկան դպրոցում տապալված է, ուղղակի տապալված է»,- ասաց նա:

Հ. Սարգսյանի կարծիքով, պետք է վերապատրաստել ուսուցիչներին, անցկացնել սեմինարներ, գործնական քննարկումներ:

«Որևէ տեխնոլոգիական հեղափոխության կամ առաջընթացի մասին չի կարելի խոսել՝ ունենալով  այսպիսի թույլ դպրոց, այսպիսի բնագիտական աղետ:

Մի բան հստակ է՝ կիրթ հասարակությունը պաշտպանված է»,- ասաց Հայկ Սարգսյանը:

Placeholder
Կիրթ հասարակությունը պաշտպանված է. Դասախոս