12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 3.6 տոկոս. ԿԲ նախագահ
Տնտեսություն
16:01 02/02/2021
Հայաստան

12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 3.6 տոկոս. ԿԲ նախագահ

2021թ. փետրվարի 2-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5 տոկոս: Ասուլիսում ասաց  ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նա հայտնեց, որ 2020 թ. դեկտեմբերին արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ՝ հիմնականում պայմանավորված ներմուծված պարենային ապրանքների գների աճով, որի պարագայում 12-ամսյա գնաճը զգալիորեն ավելացել է և մոտեցել նպատակային ցուցանիշին՝ տարեվերջին կազմելով 3.7 տոկոս։ Դեկտեմբերին 12-ամսյա բնականոն գնաճը ևս ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 3.6 տոկոս։

Մ. Գալստյանի ներկայացմամբ, 2021 թ. ՀՀ հիմնական գործընկերներից ԱՄՆ-ում և Ռուսաստանում, ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագրում նախանշված սցենարին համահունչ, դիտվում են տնտեսական ակտիվության և պահանջարկի վերականգնման միտումներ, մինչդեռ Եվրագոտում արձանագրվում են սպասվածից ավելի դանդաղ աճի տեմպեր՝ պայմանավորված համավարակի տարածման պայմաններում կիրառվող սահմանափակումներով:

«Միաժամանակ, համաշխարհային պահանջարկի վերականգման սպասումների և մի շարք առաջարկի գործոնների ազդեցությամբ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դրսևորվել գնաճային միտումներ, ինչն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ: Նման իրավիճակում Կենտրոնական բանկի Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից Հայաստանի տնտեսության վրա շարունակում է պահպանվել հիմնականում գնաճային ազդեցություն»,- նշեց ԿԲ նախագահը:

Նրա խոսքով, չորրորդ եռամսյակում, ՀՀ-ում ռազմական դրության հաստատման, կորոնավիրուսի համավարակի տարածման և տնտեսական աճի հեռանկարների հետ կապված մեծ անորոշության պարագայում, արձանագրվել է սպասվածից ցածր տնտեսական ակտիվություն.

«Տնտեսական անկումը մեծապես պայմանավորվել է ծառայությունների ոլորտի նվազումով՝ արտացոլելով նաև թույլ պահանջարկի պահպանումը: Կանխատեսվում է, որ ներքին պահանջարկի վրա լրացուցիչ բացասական ազդեցություն կունենա տնտեսության վարկավորման աճի տեմպերի նախանշվող դանդաղումը»:

Միաժամանակ, ԿԲ նախագահի խոսքով, նշված զարգացումներին զուգահեռ, վերջին ամիսներին արձանագրվում է միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի գնահատականի որոշակի բարելավում: Այս ամենով հանդերձ, Խորհուրդը միակարծիք է, որ ներկա իրավիճակում կարևոր է տնտեսության ներուժային մակարդակի աճին նպաստող կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, այդ թվում՝ հարկաբյուջետային քաղաքականության համապատասխան ծախսային ռազմավարության որդեգրմամբ։

«Չնայած պահպանվող թույլ պահանջարկին և գնաճի՝ հիմնականում առաջարկի գործոններով պայմանավորված զարգացումներին, վերջինիս ներքո առկա է գնաճային սպասումների որոշակի արագացում, ինչի արդյունքում ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ ԿԲ Խորհուրդը հետևողական է լինելու նաև համարժեք գործողություններով չեզոքացնելու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկ: Նման պայմաններում, կանխատեսվող հորիզոնում գնաճը կգտնվի նպատակային 4 տոկոս ցուցանիշի շրջակայքում:

ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով բարձր անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը»,- ասաց Մ. Գալստյանը:

Placeholder
12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 3.6 տոկոս. ԿԲ նախագահ