Բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման մոտեցումը ոտնահարում է ԲՈՒՀ-երի սահմանադրական իրավունքը. Սամսոնյան
Կրթություն, գիտություն
12:35 10/02/2021
Հայաստան

Բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման մոտեցումը ոտնահարում է ԲՈՒՀ-երի սահմանադրական իրավունքը. Սամսոնյան

«Թե բուհական խորհուրդների կազմում ինչու է կոնկրետ 9 հոգի ներգրավված, այլ ոչ թե 10 կամ 7, բարդ է հստակ հիմնավորել, ինչպես, օրինակ՝ բարդ է գիտականորեն հիմնավորել, թե ինչու ԱԺ պատգամավորների թիվը պետք է այսքան լինի»,- պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը ներկայացնելու ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Նշենք, որ օրենքի նոր նախագծով առաջարկվում է կրճատել բուհական խորհուրդների կազմերը՝ 16-ից դարձնելով 9-ը, որից 5-ը՝ լիազոր մարմնի, 4-ը՝ բուհի կողմից:

Անի Սամսոնյանը հարցրեց, թե ինչո՞ւ կառավարման խորհուրդները 9 հոգուց պետք է լինի կազմված, որտեղ գերակշռելու են կառավարության ներկայացուցիչները, և հետաքրքրվեց, թե մնացած 4-ից քանի՞սն են լինելու ուսանող և դասախոս:

Վահրամ Դումանյանն ասաց, որ բուհը պետք է որոշի համամասնությունը, և իրենք չեն ուզում պարտադրել:

«Եթե բուհի հիմնադիրը պետությունն է, պետությունը պետք է կրի հարյուր տոկոս պատասխանատվություն բուհի գործունեության համար»,- նշեց նախարարը և հավելեց, որ այդ որոշումն ընկալելի չէր լինի հանրության, մասնագիտական հանրության հետ:

Անի Սամսոնյանն արձագանքեց, որ ՀՀ սահմանադրությամբ բուհերին տրված է ինքնավարության իրավունք, և այս մոտեցումը ոտնահարում է ԲՈՒՀ-երի սահմանադրական իրավունքը:

«Սրանով վտանգվում է բուհի ինքնավարության իրավունքը»,- հայտարարեց պատգամավորը:

ԿԳՄՍ նախարարը նկատեց, որ իր խորին համոզմամբ՝ ինքնավարությունը շփոթվում է այլ բանի հետ:

«Բուհի ինքնավարությունը սկսվում և ավարտվում է բուհի առավելության իրականացման գործունեության մեջ»,- հայտնեց Դումանյանը:

Placeholder
Բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման մոտեցումը ոտնահարում է ԲՈՒՀ-երի սահմանադրական իրավունքը. Սամսոնյան