Ռադիկ Մարտիրոսյան. Գիտության մասին այդպիսի օրենքի անհրաժեշտություն այսօր չկա
Կրթություն, գիտություն
14:10 16/02/2021
Հայաստան

Ռադիկ Մարտիրոսյան. Գիտության մասին այդպիսի օրենքի անհրաժեշտություն այսօր չկա

Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վերաբերյալ  քննարկում ԳԱԱ  նախագահության անդամների և  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանի, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի մասնակցությամբ:

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում նշել է. «Գիտության մասին այդպիսի օրենքի անհրաժեշտություն այսօր չկա, որովհետև կա արդեն գործող երկու օրենք՝ «Գիտական և գիտատեխնիկական քաղաքականության մասին» ՀՀ օրենք,  մյուսը՝ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենք: Եթե այդ երկու օրենքներում կան խնդիրներ, որոնք չեն նպաստում գիտության զարգացմանը, կարելի է առաջին հերթին այդ օրենքներում փոփոխություններ մտցնել»:

ԳԱԱ տարածած հաղորդագրության համաձայն, նա նշել է, եթե հնարավոր լիներ գիտության ֆինանսավորումն ավելացնել, դա ավելի կնպաստեր գիտության զարգացմանը, քան օրենք մշակելը:
«1991թ-ից մինչև հիմա Հայաստանում գիտության ֆինանսավորում չի եղել: Չնչին ֆինանսական միջոցներով  հնարավոր է եղել պահպանել գիտական կազմակերպությունները»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:

Չնայած սուղ ֆինանասավորմանը՝  ԳԱԱ 12 կազմակերպություն ընդգրկված է գիտական ամսագրերի, գրքերի և գիտաժողովների աշխատանքներին հղում կատարող տվյալների ամենամեծ  շտեմարան Scopus-ի՝ ըստ գիտական նվաճումների դասակարգած աշխարհի 8800  գիտական կազմակերպությունների ցանկում:  

Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ, ըստ օրինագծի հիմնավորման, ակադեմիական ինստիտուտներն ինքնուրույն չեն, ազատ չեն իրենց կառավարման համակարգում: 

«ԳԱԱ ինստիտուտների կոլեկտիվներում անցկացվեցին քննարկումներ և փակ գաղտնի քվեարկություն: Արդյունքում մասնակիցների 90 տոկոսը դեմ եղան ակադեմիայի համակարգից դուրս գալուն: Վատ է, որ այդ օրենքը գրելուց ակադեմիայի համակարգից մարդ չի մասնակցել»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը: 

 

Placeholder
Ռադիկ Մարտիրոսյան. Գիտության մասին այդպիսի օրենքի անհրաժեշտություն այսօր չկա