ԵՄ-ն ու ԱՀԿ-ն մտադիր են նաև Հայաստանին պատվաստանյութն ավելի հասանելի դարձնել
Տարածաշրջան
10:37 17/02/2021
Տարածաշրջան

ԵՄ-ն ու ԱՀԿ-ն մտադիր են նաև Հայաստանին պատվաստանյութն ավելի հասանելի դարձնել

Եվրոպական միությունը և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել են, որ 40 միլիոն եվրո կտրամադրեն եկող երեք տարիներին, ապահովելու համար, որ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան եկող երեք տարիների ընթացքում ունենան քովիդ հիվանդության դեմ պատվաստանյութ ձեռքբերելու ավելի մեծ հնարավորություններ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Ինչպես ԱՀԿ-ի պաշտոնատար անձինք են ասում, այս պահին խոցելի է համարվում եվրոպական երկրների մեծ մասը: 37 երկրներից 29-ում պատվաստման է ենթարկվել բնակչության դեռևս միայն 1.5 տոկոսը: Այս պահին խնդիրներից մեկը AstraZeneca ընկերության ստեղծած պատվաստանյութն է, որը ըստ որոշ ուսումնասիրությունների, հարավաֆրիկյան տարատեսակի մեղմ ու միջին ծանրության քովիդի դեմ ցույց է տալիս միայն փոքր արդյունավետություն:

Ինչպես ԱՀԿ-ում Եվրոպայի հարցերով բաժնի տնօրեն Հանս Քլուգեն է ասում, ինքն արդեն ստորագրել է նաև արևմտյան բալկանյան պետություններին Եվրամիության կողմից օժանդակություն հատկացնելու որոշում:

Միայն երեքշաբթի օրը եվրոպական 40 երկրներում քովիդին զոհ է գնացել 3610 մարդ: Սակայն Քլուգեն կոչ է անում չհուսախաբվել:

«Նեղ սահման է առկա պատվաստանյութի հետ կապված հույսերի և անվտանգության կեղծ զգացողության միջև»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է հարավաֆրիկյան արագ տարածվող տարատեսակին, Քլուգեն ասում է, որ այն դեռևս չի տարածվել Եվրոպայում, և պետք է լինել շատ զգոն՝ դա կանխելու համար:

Placeholder
ԵՄ-ն ու ԱՀԿ-ն մտադիր են նաև Հայաստանին պատվաստանյութն ավելի հասանելի դարձնել