Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
1990-ականները վերադառնալու են, նորից մարդաորսը սկսվելու է. Շուռնուխի գյուղապետ
Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով 470 միլիոն դրամ հատկացնել: Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը Panorama.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ թաղամասը կառուցված կլինի, բանավոր այդպես է ասվել:
Միաժամանակ նա նշեց, որ այս կառավարության հետ հույսեր չի կապում, այլապես իրենց տներն իրենց ձեռքերում կլինեին, սակայն հավատում է խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին: Ըստ Հակոբ Արշակյանի՝ նրա մոտ գործը ստացվում է:
Շուռնուխի գյուղապետն ասաց, այս պահին իրենց բնակիչների շրջանում մտավախություն, անհանգստություն չկա. «Մանթրաշ են, թե ինչու այսպես եղավ: Բայց որ ասենք վախում ենք թուրքից, նույնիսկ կանայք, երեխաները, այդպես չէ, թուրքը նստած է իր տեղում, այնպես չէ, որ վախեցնում են, ահաբեկում են»:
Հակոբ Արշակյանը նշեց, որ արդեն գարնանը՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս կամ անասունին արոտավայր տանելիս խնդիրներ կլինեն:
«Հիմա եղանակը ցուրտ է, անասունները հիմնականում գոմերում են: Երբեմն լավ եղանակ է լինում, սակայն էլի չենք հանում: Բայց ամեն դեպքում արդեն գարնանը խոտի պաշարները կվերջանան, պետք է տանել արոտավայրեր, այդ ժամանակ ավելի շատ խնդիրներ կառաջանան:
Անասունները սովորության համաձայն իջնելու են իրենց ամենօրյա տեղը ջուր խմելու, որն արդեն թշնամու վերահսկողության տակ է գտնվում»,- ասաց Շուռնուխի գյուղապետը:
Նա համոզված է, որ 1990-ականները վերադառնալու են, նորից մարդաորսը սկսվելու է:
«Այնպես չէ, որ չեն արել ու չեն անելու: Դրանցից միշտ էլ պետք է սպասենք դա, քանի որ 90-ականներին եղել են նման դեպքեր»,- ասաց Հակոբ Արշակյանը:
Այս պահին գյուղում մոտ 30 ընտանիք է բնակվում 80 բնակչով: Սահմանների որոշման ժամանակ Շուռնուխից 12 տուն անցել է թշնամու վերահսկողության տակ, այդ տների բնակիչները տարբեր տեղերում են հաստատվել: Հ. Արշակյանը նշեց, որ միայն երեք ընտանիք, որոնք տան խնդիր են ունեցել, Գորիսում ու Կապանում են ժամանակավոր հաստատվել, մինչև հարցը լուծվի:
Ըստ նրա՝ գյուղում կյանքը բնականոն շարունակվում է, ժողովուրդը պետք է համակերպվի այս իրավիճակին:
«Մեզ մոտից տեսնում ենք թշնամուն, իրենց տեղերում նստած մնում են: Ուղղակի տհաճ երևույթ է, որ դուրս ենք գալիս ու իրենց տեսնում»,- ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը: