Շախմատի Հայաստանի առաջնությունների 4-րդ խաղափուլերը գերարդյունավետ ստացվեցին
Սպորտ
19:18 20/02/2021
Հայաստան

Շախմատի Հայաստանի առաջնությունների 4-րդ խաղափուլերը գերարդյունավետ ստացվեցին

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց շախմատի առաջնությունները:

Տղամարդկանց մրցաշարի 4-րդ տուրի բոլոր պարտիաներն արդյունավետ ելք ունեցան:
Մրցաշարի միանձնյա առաջատար Արման Փաշիկյանը 3 հաղթանակներից հետո պարտվեց Մանուէլ Պետրոսյանին, հայտնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

2-րդ հորիզոնականում ընթացող Հովհաննես Գաբուզյանը հաղթանակ տոնեց Հայկ Մարտիրոսյանի նկատմամբ: Հաղթանակներ տոնեցին նաև Տիգրան Հարությունյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը և Շանթ Սարգսյանը:

4-րդ տուրից հետո աղյուսակը 3,5 միավորով միանձնյա գլխավորում է Հովհաննես Գաբուզյանը, Արման Փաշիկյանը և Տիգրան Հարությունյանը 3-ական միավորով բաժանում են 2-3-րդ հորիզոնականները:

Կանանց մրցաշարի 4-րդ տուրում գրանցվեց անակնկալ արդյունք. Հայաստանի քառակի չեմպիոն Մարիա Գևորգյանը պարտվեց Մարիամ Մկրտչյանին: Մրցաշարի մյուս առաջատար Սուսաննա Գաբոյանը հաղթեց Արփինե Գրիգորյանին: Իրենց պարտիաները հաղթանակով ավարտեցին նաև Մարիամ Ավետիսյանը և Աստղիկ Հակոբյանը: Միակ ոչ-ոքին գրանցվեց Սիրանուշ Ղուկասյան – Վերոնիկա Խաչատրյան պարտիայում:

4-րդ տուրից հետո աղյուսակը միանձնյա սկսեց գլխավորել Սուսաննա Գաբոյանը: Մարիամ Ավետիսյանը 3 միավորով գտնվում է 2-րդ հորիզոնականում: Սիրանուշ Ղուկասյանը, Մարիա Գևորգյանը և Վերոնիկա Խաչատրյանը 2,5-ական միավորով բաժանում են 3-5-րդ հորիզոնականները:

Placeholder
Շախմատի Հայաստանի առաջնությունների 4-րդ խաղափուլերը գերարդյունավետ ստացվեցին