Հետպատերզմյան շրջանում որդեկորույս ծնողները կրկին զավակ ունենալու ցանկություն ունեն. Անահիտ Ավանեսյանը
Առողջություն
11:48 25/02/2021
Հայաստան

Հետպատերզմյան շրջանում որդեկորույս ծնողները կրկին զավակ ունենալու ցանկություն ունեն. Անահիտ Ավանեսյանը

«Հաշվի առնելով հետպատերզմյան շրջանում որդեկորույս ծնողների կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարևորությունը՝ նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ և նրանց համար վերացվել են  գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը ներկայացնրեց «Անվճար կամ արտոնյալ պայմաններով  վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման  կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին»  կառավարության որոշման մեջ փոփոխություններ մտցնելու հարցը:

Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ որոշմամբ հնարավորություն է տրվում Արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից:

Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում զոհված որդու ծնողների համար չեն գործի անզավակ լինելու, օրենքով սահմանված կարգով ՔԿԱԳ մարմիններում գրանցված լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու հիմնական պահանջները, որոնք գործող որոշմամբ առկա են:

«Նախագծով հնարավորություն կընձեռնվի, որ որդեկորույս ծնողները ևս մեկ անգամ հնարավորություն ունենան այս վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերագտնելու իրենց»,-հայտարարեց առողջապահության նախարարը:

Placeholder
Հետպատերզմյան շրջանում որդեկորույս ծնողները կրկին զավակ ունենալու ցանկություն ունեն. Անահիտ Ավանեսյանը