Մարտի 21-ին Գառնիում կցուցադրվի մարմարե «Ցլի գլուխը»
Մշակույթ
16:13 11/03/2021
Հայաստան

Մարտի 21-ին Գառնիում կցուցադրվի մարմարե «Ցլի գլուխը»

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող բացառիկ արտեֆակտներից է տարիներ առաջ Գառնու դարավանդի զառիվեր լանջին հայտնաբերված Միհր Աստծո մարմարե արձանախմբի մաս հանդիսացող «Ցլի գլուխը»։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մարտի 21-ին, ժամը 13։00-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա «Արորդիների Ուխտ» կազմակերպության նախաձեռնած միջոցառում, կնշվի Ամանորը և Վահագնի ծնունդը, ապա ցուցադրության բացմամբ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կներկայացնի տաճարը երբեմնի զարդարած «Ցլի գլուխ»-ը։

Հայաստանում քրիստոնեության` պետական կրոն հռչակվելուց (301թ.) հետո, թեև հին ամրոցներն ու պաշտպանական համալիրները հիմնականում մնացին անխաթար, սակայն հեթանոսական պաշտամունքային հուշարձանները հիմնահատակ կործանվեցին։ Միայն առանձին տեղերում որոշ մեհյաններ վերածվեցին քրիստոնեական տաճարների:

Բացառություն է կազմում Գառնիի տաճարը, որը պահպանվեց նույնությամբ, վերածվեց աշխարհիկ կառույցի և, ըստ Մովսես Խորենացու, դարձավ Տրդատ III թագավորի քրոջ` Խոսրովադուխտի «տուն-հովանոցը»: Նոր հավատքի հետևորդները կտոր-կտոր արեցին տաճարի խորանում տեղադրված ցլի դեմ մարտնչող Միհրի արձանախումբը և նետեցին ձորը:

Հարյուրամյակներ անց` պեղումների ժամանակ, տաճարի մոտ գտնվել է սպիտակ մարմարից քանդակված ցլի կճղակ որը, մասնագետների կարծիքով, հենց այդ արձանախմբի մասն է կազմել: Երկու այլ բեկորներ` ցլի մարմարե գլուխը և արձանախմբի պատվանդանի մասը, պատահաբար հայտնաբերվել են 2011 թ., դարավանդի զառիվեր լանջին:

Placeholder
Մարտի 21-ին Գառնիում կցուցադրվի մարմարե «Ցլի գլուխը»