Եթե ինչ-որ մեկին ուզում են վիրավորել, առանց մտածելու ասում են` դաուն.Անի Սամսոնյան
Առողջություն
16:23 24/03/2021
Հայաստան

Եթե ինչ-որ մեկին ուզում են վիրավորել, առանց մտածելու ասում են` դաուն.Անի Սամսոնյան

«Մեր շրջապատում շատ ենք լսել, որ ասել են՝ մտավոր հետամնաց, թոփալ, նույնիսկ, եթե ինչ-որ մեկին ուզում են վիրավորել, ասում են դաուն՝ չմտածելով, որ մենք ունենք դաունի համախտանիշով երեխաներ և դա պարզապես անթուլատրելի է»,- «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» նոր օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Նա հույս հայտնեց, որ օրենքի ընդունմամբ վերջապես կկարգավորվեն հաշմանդամություն ունեցող անձանց առկա բազմաթիվ խնդիրները:

Սամսոնյանի խոսքով, այսօր քաղաքացուն տալիս են հաշմանդամության կարգ և հասարակության մեջ նա համարվում է հաշմանդամ, սակայն բազմիցս շեշտվել է, որ նրանց պետք է ասել հաշմանդամություն ունեցող անձ:

«Միևնույնն է, մարդիկ տարբերությունը չեն գիտակցում և մարդուն անվանում են հաշմանդամ, դրանով նաև ունենալով այն մտայնությունը, որ այդ մարդը հիվանդ է»,- հայտարարեց պատգամավորը:

Ըստ Անի Սամսոնյանի՝ օրենքի ընդունման հետ շատ սպասումներ կան, քանի որ ֆունկցիոնալության գնահատման նոր կարգ է սահմանվում և շատ կարևոր է նաև բողոքարկման մեխանիզմները, որոնք պետք է աշխատեն հստակ  և օպերատիվ՝ խնդիրներ չստեղծելով հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Նկատելով, որ հաշմանդամության կարգ ստանալու գործընթացի բողոքարկման մեխանիզմն իրականացվելու է նաև առաղջապահական մարմնի կողմից՝ պատգամավորը հայտնեց, որ  երկու գերատեսչությունները՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունները շատ անելիք ունեն օրնքը ճիշտ գործարկման առումով:

Placeholder
Եթե ինչ-որ մեկին ուզում են վիրավորել, առանց մտածելու ասում են` դաուն.Անի Սամսոնյան