Եռաբլուրում տեղի ունեցավ Հայկազ Մկրտչյանի հետմահու պարգևատրումը
Հասարակություն
11:53 03/04/2021
Հայաստան

Եռաբլուրում տեղի ունեցավ Հայկազ Մկրտչյանի հետմահու պարգևատրումը

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում զոհված կրտսեր սերժանտ Հայկազ Զավենի Մկրտչյանի պարգևատրման արարողությունը, որը կազմակերպվել է Երրորդ բանակային կորպուսի կողմից։ Նա հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայության» մեդալով։

Հայկազը 2019 թվականի հունվարի 23-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ, հաստիքը՝ հաշվարկի հրամանատար։ Հայ-ադրբեջանական հուլիսյան ռազմական բախման ժամանակ մասնակցել է Չինարի մարտերին։ Հոկտեմբերի 14-ից մասնակցել է Ջրականի, Տաղավարտի, Դրախտիկի և Ազոխի մարտերին։ Վիրավորվել է 2020 թվականի հոկտեմբերի 29-ին Կարմիր Շուկայում, մահացել նոյեմբերի 9-ին։

Հայկազի քուրը՝ Արևիկը, լրագրողներին պատմեց, որ եղբայրը շատ ուրախ մարդ էր, ժպիտը միշտ դեպքին, ծառայության ընթացքում էլ միշտ ուրախ է եղել. «Պատերազմի օրերին զրուցում էինք հետը, ասում էր՝ գիտես, ինչքան թուրքի անուն է գրվել քարերին իմ ձեռքով, մեր գնդի ձեռքով։ Ասում էր՝ հաստատ հաղթելու ենք,  վստահ էր՝ հետ է գալու»։

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանն ասաց, որ համալսարանը ոչ միայն գիտելիքներ է տալիս, նաև դաստիարակում է որպես քաղաքացի։

«Պետք է ցավով նշեմ, որ ԵՊՀ-ն ունեցավ 60-ից ավելի նահատակներ, անհետ կորածներ։ Բոլորն էլ՝ որպես արժանի համալսարանականներ, մինչև կայնքի վերջին վայրկյանը պայքարեցին հանուն հայրենիքի և նահատակվեցին»,- ասաց նա։

Վարագյանի խոսքով, իրականում նման  պարգևատրումների կարիք մեր տղաները չունեն. «Այս արարողությունները ողջերիս են պետք, որպեսզի կարողանանք ու գնահատենք այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի գնով պահպանեցին մեր հայրենիքը և հետագա սերունդներին կարողանանք դաստիարակել հենց իրենց օրինակով։

Այս արարողություններն իրականում մեր հասարակությանն արթնացնելու, ճիշտ ուղղորդելու, դաստիարակելու համար է»։

Նա նշեց, որ դժվար է Եռաբլուրում խոսել դավաճանների մասին, որոնք դավաճանեցին բանակը։ Վարագյանը վստահ է՝ հայկական բանակը կռվել է ինչքան հնարավոր է եղել, զինվորներն իրենց կյանքի գնով պահել են մեր հայրենիքը։

«Ապրիլյան պատերազմում մենք հաղթեցինք, բայց մեր հասարակությունը դասեր չքաղեց, ու մենք ունեցանք այս պատերազմը։ Ապրիլյանի ու 44-օրյա պատերազմի նահատակները մեզ ուժ են հաղորդելու, ուղղորդելու են դեպի նորանոր հաղթանակներ»,- ասաց Վ. Վարագյանը։

Նա նշեց, որ բանակի ողնաշարը կոտրելով՝ կոտրվելու է  ՀՀ ողնաշարը, ամեն ինչ անելու են, որպեսզի որևէ մեկը չկարողանա կոտրել մեր բանակի ողնաշարը։
 

Placeholder
Եռաբլուրում տեղի ունեցավ Հայկազ Մկրտչյանի հետմահու պարգևատրումը