Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ժողովրդի մշակութային ժառանգության վրա հարձակումը էթնիկ զտումների կանխամտածված ջանքերի մի մասն է
Մշակույթ
11:47 05/04/2021
ԼՂՀ

Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ժողովրդի մշակութային ժառանգության վրա հարձակումը էթնիկ զտումների կանխամտածված ջանքերի մի մասն է

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հայկական ժառանգության պահպանությամբ այն շրջաններում, որոնք 2020 թվականի նոյեմբերից վերահսկվում են Ադրբեջանի կողմից։ Այս մասին La Croix-ում գրում է Լուազոն։

«Գիտե՞ք Լեռնային Ղարաբաղի  Մեխակավանի Սուրբ Մարիամ եկեղեցին: Դժվար թե նախկինում այցելել եք այն: Հաստատն այն է, որ դուք այլևս չեք կարողանա այն հայտնաբերել, քանի որ այն ամբողջովին հողին հավասարեցված է 2020 թվականի աշնանը ադրբեջանական հարձակման պահից:

Դուք երբևէ եղե՞լ եք Շուշիում: Եթե ձեր քայլերը ձեզ տանեն այնտեղ, ապա այլևս չեք գտնի պղծված և ավերված Կանաչ Ժամը, ոչ էլ Սուրբ Ամենափրկիչ  ռմբակոծված տաճարը: Մատաղիսում Սուրբ Եղիշե եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել: Ամեն օր քանդում են, ստելաներ, արձաններ կամ գերեզմանատներ:

Բոլոր հիմքերը կան վախենալու, որ այս ոչնչացումը կշարունակվի և կսրվի: Հիշենք, որ Նախիջեւանում քանդվել է 89 հայկական եկեղեցի, ինչպես նաև ավելի քան 20,000 գերեզման և 5000-ից ավելի ստելաներ: Չմոռանանք նաև, թե ինչպես ամբողջովին և մեթոդաբար հողին հավասարվեց Ջուղայի հայկական գերեզմանատունը:

Այժմ բավական է լսել Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները՝ իմանալու, թե ինչ կարելի է ակնկալել․ Ադրբեջանի ճարտարապետների միության տնօրենը հույս ունի, որ «Արցախի բոլոր եկեղեցիները կավերեն»: Նախագահ Ալիևն ինքը կոչ արեց հանել հայկական արձանագրությունները եկեղեցիներից՝ համարելով դրանք «շինծու», իսկ շենքերը վերագրեց Կովկասի ալբանացիներին:

Ի՞նչ է անում միջազգային հանրությունը՝ այս վտանգված ժառանգությունը պաշտպանելու համար: Դա պարզ է, նա այլ տեղ է նայում: Սակայն ժողովրդի մշակութային ժառանգության վրա հարձակումը էթնիկ զտումների կանխամտածված ջանքերի մի մասն է: Սակայն բոլորը գիտեն, որ ոչ մի հակամարտություն, ոչ այս մեկը, ոչ էլ որևէ այլ, չի կարող լուծվել մյուսի գոյությունը ժխտելով:

Եվրախորհրդարանում մենք կոչ ենք արել Եվրամիության ռազմական առաքելություններին շատ ավելի համակարգված գործողություններ իրականացնել՝ հօգուտ մշակութային արժեքների պահպանման:

Եթե ճիշտ է, որ 30 տարի առաջ աշխարհը ականատես եղավ, առանց որևէ բան ձեռնարկելու, Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ժառանգության ոչնչացմանը, ապա մնում է չկրկնել իր սխալները և սովորել իր անգործության դասերը ժամանակին․ բաց վերքեր ժողովուրդների հիշողության մեջ, վրեժ լուծելու ցանկություն, միայն արտաքինից սառեցված հակամարտություն, որը վերսկսվեց առաջին իսկ հնարավորության դեպքում:

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար մեզ անհրաժեշտ է շատ ավելի ընդգրկուն գործողություն և ավելի մեծ վճռականություն ցուցաբերել, քան մինչ այժմ գերակշռել է՝ բոլոր գերիները պետք է ազատ արձակվեն, բոլոր սահմաններն ու մուտքը Ղարաբաղ բացվեն, ականազերծումն ավարտվի: Դրա համար անհրաժեշտ է ուժեղ միջազգային ներկայություն:

Այս տարածքի ճակատագիրը չի կարող մնալ միայն Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի ձեռքում, որոնք չկարողացան ցույց տալ, որ ձգտում են հակամարտության խաղաղ և հավասարակշռված ելքին: Ժամանակն է, որ Մինսկի խումբը վճռականորեն ներգրավվի, որպեսզի իրական բանակցությունները վերսկսվեն և հաջողություն ունենան:
Այս ամենը ժամանակ է պահանջում: Բայց Արցախի ժառանգության պաշտպանությունը չի կարող սպասել:

Ես կոչ եմ անում Մինսկի խմբի համանախագահներին՝ Ֆրանսիային, ԱՄՆ-ին և Ռուսաստանին, միջամտել Ադրբեջանին:

Ես Եվրամիությանը կոչ եմ անում օգտագործել Արևելյան գործընկերության արտոնյալ կապերը՝ Բաքվից հստակ հավաստիացումներ ստանալու համար, որ հայկական մշակութային ժառանգությունը կպահպանվի:

Ես դիմում եմ ՅՈՒԿԵՍԿՕ-ին, որը չպետք է թույլ տա իրեն վախեցնել, բայց նաև ոլորտի այլ դերակատարների, ինչպիսիք են Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքը՝ լսելու Երևանի իշխանությունների և հայկական սփյուռքի օգնության կոչերը:
Թույլ մի տվեք, որ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիները քանդվեն»,-ասվում է հոդվածում:
 

Placeholder
Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ժողովրդի մշակութային ժառանգության վրա հարձակումը էթնիկ զտումների կանխամտածված ջանքերի մի մասն է