Ռոբերտ Քոչարյան. Ես չեմ տեսնում որևէ մեկին, որ կարող է գլուխ հանել այս բարդ իրավիճակում
Քաղաքական
10:58 06/04/2021
Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Ես չեմ տեսնում որևէ մեկին, որ կարող է գլուխ հանել այս բարդ իրավիճակում

«Դատախազությունն այժմ փնտրում է հնարավորություն մեղադրանքի վերաորակավորման համար, բայց չեմ կարծում, որ դա  նրանց կհաջողվի»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին։

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել նրան։

«Մենք երեք տարի շարունակ ասում էինք, որ այդ գործն աբսուրդ է։ Վերջապես Սահմանադրական դատարանը նման որոշում կայացրեց»,-նշել է նա՝ հիշեցնելով, որ խորհրդատվական կարծիք էին տրամադրել նաև ՄԻԵԴ-ն ու Վենետիկի հանձնաժողովը։

Պոզների հարցին, թե ինչու է Քոչարյանը ձգտում իշխանության, ինչն է նրան գրավում, ՀՀ երկրորդ նախագահն արձագանքել է.

«Ես հիմա որևէ մեկին չեմ տեսնում, որ կարող է գլուխ հանել այս բարդ իրավիճակում»։

Նա նշել է, որ երկու անգամ ղեկավարել է ճգնաժամային իրավիճակներում. առաջին անգամ՝ Արցախում, ապա նաև՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Հայաստանում, արդյունքում տասը տարվա ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճել է վեց անգամ, բյուջեն՝ յոթ։

Անդրադառնալով ընտրություններին իր մասնակցության ձևաչափին, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ ընտրություններին կմասնակցի 2-3 կուսակցությունների դաշինքով։

«Առավել հավանական է երկու կուսակցության դաշինքով։ Դաշինքը կգլխավորեմ ես։ Հիմա բանակցություններ են ընթանում։ Ցանկացողները շատ են»,-ասել է նա ՝ վստահություն հայտնելով, որ ընտրություններում հաղթանակ է տանելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Placeholder
Ռոբերտ Քոչարյան. Ես չեմ տեսնում որևէ մեկին, որ կարող է գլուխ հանել այս բարդ իրավիճակում