Մարդու առաջին թռիչքը Տիեզերք՝ նոր դարաշրջանի սկիզբ
Կրթություն, գիտություն
13:45 12/04/2021
Հայաստան

Մարդու առաջին թռիչքը Տիեզերք՝ նոր դարաշրջանի սկիզբ

«Հայ գիտականները Տիեզերքի ուսունասիրությունների ուղղությամբ շարունակում են տարբեր ծրագրերի, խնդիրների իրականացումը՝ համագործակցելով ռուս գիտնականների հետ»,-  Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում ընթացող «Տիեզերական հետազոտությունները և ժամանակակից տեխնոլոգիաներ» թեմայով քննարկմանն ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ, Գագարինի անվան ոսկե մեդալակիր Ռադիկ Մարտիրոսյանը:

Նշենք, որ միջազգային գիտահանրամատչելի կոնֆերսանը նվիրված է Տիեզերքի նվաճման 60-ամյակին: Այն կազմակերպվել է Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի և Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի  նախաձեռնությամբ: Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը ապրիլի 10-12-ը նշում է «Տիեզերագնացության օրը»:

Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն ասաց, որ Գագարինի թռիչքը Տիեզերք շատերը համեմատում են Ամերիկայի հայտնագործման հետ:

«Իրականում գիտնականների, հասարակության պարտքն է գիտակցել, նշել, թե ինչպիսի կարևորություն ունեն նման իրադարաձությունները մարդկության զարգացման գործում:

Հիմա մարդկության ամբողջ գործունեությունն արդեն տեղափոխվում է Տիեզերք՝ քարտեզագրում, աստղաֆիզիկա, օվկիանոսագիտություն, նույնիսկ գյուղատնտեսական  հետազոտությունները: Տարբեր ուսումնասիրություններ կատարվում են  Տիեզերքից, որն ավելի բարձր մակարդակով է արվում, քան ինչ արվում էր երկրից, բայց ավելի թանկ է»,- ասաց նա: 

Նա նշեց, որ Հայաստանը փոքր երկիր է, բայց Խորհրդային միության մի մասը լինելու շնորհիվ զգալի ներդրում է ունեցել տիեզերական հետազոտությունների և տիեզերագնացության ոլորտում:

«Հայաստանն իր աստղագիտական և այլ հարակից հիմքերով մեծ ներուժ ունի համագործակցությունների հաստատման և տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների զարգացման համար»,- ասաց Ա. Միքայելյանը: 

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկմանն ունեցած ելույթում ասաց, որ 1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի, լեյտենանտ Յուրի Գագարինի մեկ պտույտը Երկրագնդի շուրջ մարդկության պատմության մեջ շրջադարձային է եղել, սկսվել է տիեզերական դարաշրջանը, մեծ բացահայտումների ժամանակաշրջանը:

«Ժամանակակից կյանքի նվաճումների մի մասը մարդկությունը պարտական է հենց տիեզերական թռիչքին»,- ասաց դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը նշեց, որ Հայաստանը մեծ պոտեցիալ ունի այս ոլորտում, ժամանակին իր մեծ ներդրումն է ունեցել, Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը համագործակցում է ռուսական մի շարք հետազոտական կենտրոնների, ինստիտուտների հետ:

Լրագրողների հետ զրույցում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ասաց, որ այս միջոցառման նպատակն է առավելագույնը ներկայացնել Տիերզերքի դերը մեր այսօրվա աշխարհում: Նա նշեց, որ հաճելի է համագործակցել հայկական կազմակերպությունների հետ, ինչը ցույց է տալիս, որ սա մեր ընդհանուր պատմությունն է:

«Կյանքը, գիտությունը զարգանում է, կյանքը փոփոխություններ է պահանջում, Տիեզերքի դերը շատ մեծ է: Բյուրականի աստղադիտարանի դերն այս ոլորտում ինչպես մեծ էր նախկինում, այնպես էլ հիմա»,- ասաց Վ.Կարապետյանը:

Նա հույս ունի, որ այս ոլորտում համագործակցությունը կշարունակվի Հայաստանի ու ՌԴ-ի միջև:

Խորհրդային տարիներին Հայաստանում իրենց նախաթռիչքային պատրաստումն են անցել տաասնյակ տիեզերագնացներ: Հայաստանը մեծ ներդրում ունի տիեզերագնացության զարգացման գործում: Շնորհիվ գիտական ձեռքբերումների՝ Բյուրականի աստղադիտարանը դարձել է աստղաֆիզիկոսների տարածաշրջանային կենտրոն:

Վ.Կարապետյանը հայտնեց, որ Տիեզերագնացության օրվան ընդառաջ նախաձեռնել էին մի շարք միջոցառումներ՝ տարիքային տարբեր խմբերի համար: Միջազգային կոնֆերանսին զուգահեռ տեղի է ունենում «Առաջինը Տիեզերքում. մեր Գագարինը» ցուցահանդեսի բացումը:

Ապրիլի 12-ին աշխարհը նշում է Տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրը: 1961թ. ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի, լեյտենանտ Յուրի Գագարինը «Վոստոկ» տիզերանավով առաջին անգամ դուրս է եկել Երկրի ուղեծիր և մեկ պտույտ կատարել Երկրագնդի շուրջ՝ դնելով տիեզերական թռիչքների սկիզբը: ԽՍՀՄ-ում Տիեզերագնացության օր սահմանելու նախաձեռնությամբ հանդես է եկել տիեզերք կատարած մարդու առաջին թռիչքի ժամանակ Գագարինի փոխարինող օդաչու-տիեզերագնաց Գերման Տիտովը:

2011 թվականի ապրիլի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի պլենարային հատուկ նիստի ժամանակ ընդունվել է բանաձև, որը պաշտոնապես հայտարարել է ապրիլի 12-ը «Մարդու տիեզերք թռչքելու» միջազգային օր: Բանաձևը ստորագրել են ավելի քան 60 երկրներ:

Placeholder
Մարդու առաջին թռիչքը Տիեզերք՝ նոր դարաշրջանի սկիզբ