Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է երկու նոր արգելոց-թանգարան
Մշակույթ
12:25 16/04/2021
Հայաստան

Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է երկու նոր արգելոց-թանգարան

2020 թվականին պետական միջոցներով վերականգնվել են Լոռու մարզի Սանահին վանական համալիրի Ամենափրկիչ եկեղեցու տանիքը, իրականացվել մասնակի ամրակայում, վերականգնվել է Սարգիս  Բաղդասարյանի «Լոռեցի Սաքո» քանդակը, որը ժամանակին ենթարկվել էր վանդալիզմի ու վնասվել, տեղադրվել է Դսեղ գյուղում: Մասնակի ամրակայվել ու վերականգնվել է Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Ասուլիսում կատարված աշխատանքները ներկայացրեց ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:

Նա նշեց, որ Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ավելի վաղ եկեղեցու հիմքեր, ժամանակավորապես կասեցվել են աշխատանքները՝ ուսումնասիրելու և լրամշակելու նախագիծը:

Ավարտին են հասել նաև Սյունքի մարզի Բնունիս համայնքի եկեղեցու վերականգնման աշխատանքները, այս տարի կիրականացվի եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքը:

Նա տեղեկացրեց, որ պետական միջոցներով պատվիրվել են հուշարձանների վերականգնման մի շարք նախագծեր՝ Մարմաշենի եկեղեցու ջրամեկուսացման, Շատիվանքի վերականգնման, Ագարակ հնավայրի ամրակայման և թանգարանացման նախագծերը:

«Քանի որ ունենք հսկայական մշակութային ժառանգություն և բազմահազար  հուշարձաններ, այս պարագայում պետք է նշել, որ հուշարձանների վերականգնման ամբողջ բեռը պետությունը չի կարող միայնակ կրել, նախարարությունը հնարավորություններ է փնտրում համագործակցել ներդրողների, բարերաների, ՀԿ-ների, այլ շահագրգիռ անձանց, կազմակերպությունների հետ, որոնք հետաքրքված են ներդրում, ֆինանսավորում իրականացնելու այս բնագավառում: Ունենք բազմաթիվ հաջողված փորձեր»,- ասաց Հարություն Վանյանը:

Որպես օրինակ նշեց, որ անցած տարվա փոխգործակցության հուշագրի հիման վրա օրերս կսկսվեն Վարագավանք վանական համալիրի գավիթներից մեկի վերականգնման աշխատանքները, պրոցեսը շարունակական կլինի:

Նա հայտնեց, որ նախնական պայմանավորվածություններ կան մի շարք հուշարձանների  վերականգնման, ամրապակման, տարածքների բարեկարգման հետ կապված, այդ թվում Երևանի կարմիր կամուրջը, Ոսկեվազի Սուրբ Հովհաննես եկեղեցին, Պտղնու տաճարը, Ավանի խոնարհված մատուռներից մեկը:

«Այս տարի նախատեսված են ևս մի քանի նախագծերի իրականացում, որոնք հետագայում նաև կվերականգնվեն, այդ թվում՝ Գնդեվազի եկեղեցու որմնանկարները, Սուրբ Հովհաննես եկեղեցու պարսպապատերի և կից տարածքների վերականգնում, նման մի շարք այլ աշխատանքներ»,- աաց Հ. Վանյանը:

ԿԳՄՍ նախարարության պաշտոնյան նաև ասաց, որ այս տարի կնախաձեռնվի երկու արձանի վերականգնում՝ Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ Դավիթ Բեջանյանի «Ճանապարհաշինարարներ» և Խաչատուր Հակոբյանի  «Արձագանք»:

Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը հայտնեց, որ առաջիկայում ստեղծվելու է երկու նոր արգելոց-թանգարան՝ «Դվին մայրաքաղաք» և «Դաշտադեմի ամրոց», որոնք կհամալրեն 13 արգելոց-թանգարանների շարքը:

Նրա խոսքով, նոր արգելոց-թանգարանների ստեղծումը կնպաստի զբոսաշրջային երթուղիների ընդլայնմանը:

Placeholder
Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է երկու նոր արգելոց-թանգարան