Հայտնի են Սամբոյի համապետական ստուգատեսի հաղթողները
Սպորտ
18:15 20/04/2021
Հայաստան

Հայտնի են Սամբոյի համապետական ստուգատեսի հաղթողները

Սամբոյի համապետական ստուգատեսն անցկացվել է Երևանի «Դինամո» մարզադահլիճում:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այն կարելի է անվանել հեղինակությունների մրցաշար, քանզի 96 մասնակիցների գրեթե կեսը աշխարհի, Եվրոպայի տարիքային տարբեր խմբերի առաջնությունների մեդալակիրներ էին: Եղան գոտեմարտեր, որոնք բնավ չզիջեցին ամենախոշոր միջազգային մրցաշարերի եզրափակիչներին: Ասածը լիովին հաստատեց ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Ավելին, նա ասաց, որ միջազգային ցանկացած մրցաշարի զարդը կհանդիսանային Գրիգոր Մխիթարյան /58 կգ, Գյումրի/-Տիգրան Կիրակոսյան /Վանաձոր/, Մաքսիմ Մանուկյան /64 կգ , Գյումրի/-Արամ Աղաջանյան /Աբովյան/, Արսեն Ղազարյան /79կգ, Վանաձոր/-Դավիթ Գրիգորյան /Արցախ/ զույգերի եզրափակիչ գոտեմարտերը, որոնցում հաղթեցին առաջինը նշված անունները:

Ֆեդերացիայի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել նաև  կանանց մրցաշարի հաղթողներ, բյուրեղավանցի Մելինե Մամիկոնյանի /50 կգ/ և գառնեցի Վարսիկ Գրիգորյանի /54 կգ/ լավ մրցելույթների համար:

Խոսելով մարզիկների ընդհանուր պատրաստականության մասին, ֆեդերացիայի ղեկավարն ընդգծել է մրցողների մոտ առկա տեխնիկական հնարքների բազմազանության, և որ հաճելի իրողություն է, այս մրցաշարում ավելի շատ կիրառվեցին ցավեցնող հնարքներ, փաստ, որի համար արժանին պետք է մատուցել անձնական մարզիչներին:

Հայաստանի պատանեկան, երիտասարդական, մեծահասակների և մարտական սամբոյի հավաքականները մարզիչների ղեկավարությամբ կշարունակեն  պպարապմունքները, իսկ մայիսին ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում: Նպատակը մեկն է ՝ լավ մարզավիճակով ներկայանալ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մայիսի 25-30-ը անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

79 կգ քաշային կարգի չեմպիոն Արսեն Ղազարյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն սամբիստ, աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանի որդին է: Ակնկալվում է, որ նա կկրկնի,  ավելին՝ կգերազանցի իր անվանի հայրիկի ռեկորդը:

Placeholder
Հայտնի են Սամբոյի համապետական ստուգատեսի հաղթողները