Կոստան Զարյանի արխիվային հավաքածուն ամբողջացել է
Օրվա թեմա
15:50 23/04/2021
Հայաստան

Կոստան Զարյանի արխիվային հավաքածուն ամբողջացել է

Այսօր Մաշտոցյան Մատենադարանի արխիվային հավաքածուն համալրվել է  հայ ականավոր գրող, բանաստեղծ, վիպասան և արվեստաբան Կոստան Զարյանի ձեռագրերի Կանադայում գտնվող դիվանով: Նախապես Մատենադարանին էին հանձվել Կ. Զարյանին վերաբերող Հայաստանում և Իտալիայում պահվող նյութերը: Այսպիսով, ամբողջացավ այս արժեքավոր արխիվը, որի պահպանումը Մատենադարանին են վստահել Կոստան Զարյանի ժառանգները՝ Սիրվարդ, Անաիս, Արա և Վալտեր Զարյանները: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի  ֆեյսբուքյան էջից։ 

Հավաքածուի մաս են կազմում նաև Կոստան Զարյանի որդու՝ ճարտարապետ Արմեն Զարյանի տարբեր լեզուներով գրված, անտիպ ու հրատարակված ձեռագիր և մեքենագիր նյութերը:

Մատենադարանի Արխիվի և արխիվագիտության բաժնում գիտական մշակումն ավարտելուց հետո հավաքածուն հասանելի կլինի ուսումնասիրողների համար: Զուգահեռ իրականացվելու են նաև արխիվի թվայնացման աշխատանքները:

«Համոզված ենք, որ թեմայով զբաղվող գիտնականներն ուշագրավ նյութեր կգտնեն այս հարուստ դիվանում, որոնք էլ կհանրայնացվեն նոր հրատարակություններով»,- նշում են Մատենադարանից։ 

Placeholder
Կոստան Զարյանի արխիվային հավաքածուն ամբողջացել է