Հիվանդանոցի շենքը վերանորոգելու փոխարեն կառավարությունը որոշել է վարկային միջոցով նորը կառուցել
Առողջություն
14:20 26/04/2021
Հայաստան

Հիվանդանոցի շենքը վերանորոգելու փոխարեն կառավարությունը որոշել է վարկային միջոցով նորը կառուցել

«Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնը ներկայումս գտնվում է խորհրդային տարիներից կառուցված եռահարկ շենքում, այն շատ մեծ է և վերանորոգումը ծախսերի առումով անարդյունավետ է գնահատվել պետության կողմից»,- այս մասին այսօր ասուլիսում հայտնեց  Առողջապահության նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը և հավելեց, որ այդ պատճառով էլ շենքը կոնսերվացվելու է կամ այլ նպատակների է ծառայելու, իսկ կենտրոնը կտեղափոխվի նոր կառուցվող շենք:

Նրա տեղեկացմամաբ «Հիվանդությունների կանխարգելում, վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում անցյալ տարվա հուլիսին սկսվել են Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2023 թվականի հուլիս-օգոստոսին և սեպտեմբերին շահագործման կհանձնվի 55 մահճակալ հզորությամբ ամբողջովին կահավորված և արդիականացված բժշկական կենտրոնը:

Էլիբեկյանի խոսքով՝ կառուցվելու է երկրորդային մակարդակի բժշկական ծառայություններ մատուցող բուժկենտրոն, որում ներառվելու են պոլիկլինիկական, լաբորատոր-ախտորոշիչ, վիրավուժական, թերապևտիկ և ինֆեկցիոն ծառայությունները:

«Այն մոդուլային է և նման բժշկական կենտրոն կառուցվելու է նաև Վայոց Ձորի մարզում, որի մրցութային փուլն արդեն մեկնարկել է»,-հայտնեց բանախոսը և հավաստիացրեց, որ հուլիսին կսկսվեն շինարարական աշխատանքները:

Նա նաև տեղեկացրեց, որ երկու բժշկական կենտրոններն էլ կունենան ուղղաթիռի վայրէջքի տարածքներ, մեկը՝ տանիքին, մյուսը՝ հարակից տարածքում:

Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն նաև հայտնեց, որ պետական միջոցներով էլ ծրագրեր են իրականացնում Երևանի և մարզերի բժշկական հաստատությունների արդիականացման ուղղությամբ:

«Իրականացվել են 12 բժշկական հաստատության նախագծա-նախահաշվարկային աշխատանքները, որից երկուսը Երևանում են, մեկը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն է մյուսը՝ Հոգեկան առողջության պահպանման կենտրոնը»,- հայտնեց  էլիբեկյանը  և շեշտեց, որ վերջին երկուսը հիմնանորոգելուց հետո կունենան նախկին մահճակալային կազմը, համապատասխանաբար՝ 230 և 425 մահճակալ:

Էլիբեկյանը տեղեկացրեց, որ սկսվելու են նաև Թալինի Ծաղկահովիտի և Չարենցավանի բժշկական կենտրոնների վերանորոգման աշխատանքները, իսկ հետագայում, գումարների առկայության դեպքում նաև կնորոգվեն՝ Մասիսի, Աշտարակի, Վաղարշապատի, Արթիկի, Եղվարդի  և Տաշիրի բժշկական կենտորնները, իսկ վերջին երկուսի դեպքում նոր շենքեր կկառուցվեն: 

«Նախորդ 10 տարիների ընթացում ՀՀ-ում 18 բժշկական կենտրոն հիմնանորգվել է և հագեցվել անհրաժեշտ սարքավորումներով, իսկ 250 ամբուլատորիաներից 170-ը կառուցվել կամ վերանորոգվել են»,- հայտնեց Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն:
 

Placeholder
Հիվանդանոցի շենքը վերանորոգելու փոխարեն կառավարությունը որոշել է վարկային միջոցով նորը կառուցել