Տեղի կունենա Հայաստան-Արցախ 6-րդ միջազգային բժշկական համագումարը
Առողջություն
11:17 26/04/2021
Հայաստան

Տեղի կունենա Հայաստան-Արցախ 6-րդ միջազգային բժշկական համագումարը

2023 թվականի հուլիսի սկզբին Հայաստանում և Արցախում տեղի կունենա Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը։ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի առողջապահական և բժշկական հանրույթներին միավորող 6-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր նախագությունը ստանձնել է «Արաբկիր բժշկական կենտրոն»-ի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։ Համագումարը համանախագահելու են Վիգեն Խաչատուրյանը, Գևորգ Յաղջյանը և Համբարձում Սիմոնյանը։ Այս մասին հայտնում է համագումարի մամուլի և տեղեկատվության թիմը:

Համագումարի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։ Օրերս կայացած կազմակերպչական կոմիտեի անդրանիկ նիստում քննարկվել և հաստատվել է առաջիկա գործողությունների պլանը, ժամանակացույցը, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքների իրականացման ոլորտային պատասխանատուների շրջանակը։

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարն ընթանալու է «Միասին կարող ենք» կարգախոսի ներքո։

«Հաշվի առնելով ներկա իրողություններն, ինչպես նաև Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած մի շարք մարտահրավերները այս կարգախոսի ներքո մեր մասնագիտական համախմբվածությունն ավելի քան կարևոր է և անհրաժեշտ»,- կազմակերպչական կոմիտեի նիստում նշել է համագումարի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանը։

Համագումարի Սփյուռքի թևը ներկայացնող համանախագահ Գևորգ Յաղջյանի խոսքով՝ համագումարը մեկ հարկի տակ է համախմբելու առողջապահական ոլորտի ճանաչված մասնագետների, մեծ փորձառություն ունեցող բժիշկների, բուժաշխատողների՝ վերջիններիս թույլ տալով հաղորդակից լինել և յուրացնել միջազգային առաջադեմ փորձի ոլորտային ձեռքբերումները։

Համագումարի հայաստանյան թևը ներկայացնող համանախագահ Համբարձում Սիմոնյանի խոսքով՝ համագումարի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտների առջև ծառացած բարդ և հրատապ խնդիրներին։

Համագումարի արցախյան թևը ներկայացնող համանախագահ Վիգեն Խաչատուրյանի խոսքով էլ համագումարի կարևոր առաքելություններից է ոչ միայն առողջապահության ոլորտի նորարարական ձեռքբերումների ներկայացումը, այլ նաև այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնք թույլ կտան տեղայնացնել և ապահովել այդ ձեռքբերումների գործնական կիրառումը։

Կազմակերպչական կոմիտեի անդրանիկ նիստի ավարտին որպես 6-րդ միջազգային բժշկական համագումարի մեկնարկի խորհրդանիշ՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ հանրապետական գիտաբժշկական գրադարանի պարտեզում եղևնի է տնկվել։

Համագումարի շրջանակներում նախատեսված հետագա գործողությունների, միջոցառումների, համագումարին մասնակցության մեխանիզմների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի առաջիկայում գործարկվելիք համագումարի պաշտոնական կայքում։

 

Placeholder
Տեղի կունենա Հայաստան-Արցախ 6-րդ միջազգային բժշկական համագումարը