Բուհերի ինքնակառավարման վերաբերյալ կառավարության որոշումը ՄԻՊ-ը կվիճարկի ՍԴ-ում
Կրթություն, գիտություն
12:11 06/05/2021
Հայաստան

Բուհերի ինքնակառավարման վերաբերյալ կառավարության որոշումը ՄԻՊ-ը կվիճարկի ՍԴ-ում

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը դիմեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ բարձրացնելով փակ ընթացակարգով կառավարության ընդունած որոշման մասին հարցը, ըստ որի փոփոխություն է մտցվել հայաստանյան երեք բուհի՝ ԵՊՀ, Երևանի Մանկավարժական համալսարան և Գյումրիի Մանկավարժական համալսարան, կանոնադրությունների մեջ:

Նա հիշեցրեց, որ որոշ ժամանակ առաջ ԱԺ-ն ընդունել էր կրթության ոլորտը կարգավորող հիմնական օրենք, որով սահմանափակվում են բուհերի ինքնակառավարման իրավունքը: Այն նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել, ուղարկել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրականության հարցը:

«Հանկարծ իմանում ենք, որ կառավարությունը չզեկուցվող  հարցերի շրջանակում հարց է քննարկում  և որոշում է  ընդունում, որ փոփոխություն է մտցնում Հայաստանի երեք բուհերի կանոնադրությունների մեջ, որն, իմ կարծիքով, մեղմ ասած խնդրահարույց է: Ըստ դրա, սահմանափակվում է այդ բուհերի  ինքնակառավարման  իրավունքը, որովհետև կառավարման մարմինների  նշանակման կարգն է փոխվում, 50 տոկոսից ավելին նշանակում է  կառավարությունը ի դեմս վարչապետի ու նախարարության»,- ասաց պատգամավորը:

Նա մատնանշեց Սահմանադրության 2-րդ գլխի 38-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ հստակորեն գրված է, որ բուհական համակարգում ինքնակառավարում պետք է իրացվի: Ըստ Տ.Սիմոնյանի,  քանի որ այս որոշման մեջ երեք բուհ է առանձնացվել, կարելի է ենթադրել, որ պայմանավորված է անձնական գործոններով, այսինքն այդ երեք բուհերում անձերով պայմանավորված կառավարում է ուզում մտցնի  կառավարությությունը, դրա համար են  թիրախավորվել կոնկրետ այս երեք բուհերը:

Արման Թաթոյանը նախ ասաց, որ դեռ դեկտեմբերին «Բարձրագույն և հետբուհական կրթության  մասին» օրենքի հետ կապված նախագծային վիճակում խիստ մտահոգություններ էր հայտնել, քանի որ ոչ միայն հաշվի չէին առնվել մասնագիտական շրջանակների կարծիքները, նաև ՄԻՊ-ինը, այնտեղ հակասահմանադրական դրույթներ կային:

Ինչ վերաբերում է  կառավարության որոշմանը, նա նշեց, որ պատահաբար մամուլից են իմացել այդ մասին, որ  գրավոր ընթացակարգով, բոլորովին այլ նիստի շրջանակում ընդունվել է  այս հարցը:

«Մասնագիտական շրջանակները դարձյալ  մտահոգությունները են հայտնել, դրանք մտահոգիչ են այն առումով, որ, ի տարբերություն  օրենքի, կառավարության որոշումն ավելի է վատթարացնում վիճակը, ստացվում է, որ պետության կողմից նշանակվող անդամներն ավելի շատ են լինում, եթե  նախկինը 5/4 հարաբերակցությունն էր, այս դեպքում ստացվում է 13/7 հարաբերակցություն»,- ասաց Ա. Թաթոյանը:

Նրա կարծիքով, ԿԳՄՍ նախարարության այս նախաձեռնությունն  անհարգանք է երկու սահմանադրական  ինստիտուտների՝ նախագահի և ՍԴ-ի հանդեպ, ավելին՝ նախագահը դիմել է  օրենքը վիճարկելու հարցով, որն ավելի բարձր ուժ ունեցող ակտ է, հիմա ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող ակտով հարցը կարգավորվում է:

«Կառավարությունը նշում է, որ խնդիր է առաջացել, խնդիրն են կարգավորում, կարծում եմ՝ սա արհեստական առաջացած խնդիր է: Իմ հիմնավոր ենթադրությամբ, կառավարությունն ինքն առաջացրել է խնդիր, հիմա խնդիրը լուծում է բուհերի ինքնակառավարման հաշվին: Կարծում եմ՝ դա անթույլատրելի է:  Չի կարող պետությունն իր պոզիտիվ պարտավարությունը  չկատարելու հաշվին լուծել բուհի ինքնավարության հաշվին»,- ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա հայտարարեց, որ այժմ պատրաստում են դիմում, այսօր կամ վաղը կդիմեն ՍԴ՝ վիճարկելու կառավարության այս որոշումը:

«Հատկապես այստեղ մտահոգիչ է այն, որ դարձյալ հաշվի չի առնվել  մասնագիտական  շրջանակների, բուհերի կարծիքը, դրանից բացի տեղի է ունեցել փակ քննարկում, փակ ռեժիմով է ընդունվել:

Այստեղ երկու խնդիր կա՝ բովանդակային խնդիր, բուհերի ինքնավարությունը խախտող խնդիր, որը, կարծում եմ, հակասահմանադրական է,  և ընթացակարգային կոպիտ խախտումները: Կարծում եմ՝ այս երկուսն ազդում են  սահմանադրականության վրա, և այդ դրույթները հակասահմանադրական են»,- ասաց Թաթոյանը:

Նրա խոսքով, իր համար խնդրահարույց է, որ հոգաբարձուների խորհրդից կառավարության  նշանակած բոլոր անդամները միանգամից հրաժարական տվեցին ու որևէ պատճառ չնշվեց, իսկ դրան անմիջապես հաջորդեց կառավարության այս նախաձեռնությունը:

«Ինձ համար անթույլատրելի պրակտիկա է, ժողովրդավարական ու իրավական պետությանն անհարիր է, որ նման կարևոր նախագծերն, արդեն շատ հաճախակի, ընդունվում են չզեկուցվող ընթացակարգով, փակ ռեժիմով, հանրային քննարկումներ չեն անցնում»,- ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Placeholder
Բուհերի ինքնակառավարման վերաբերյալ կառավարության որոշումը ՄԻՊ-ը կվիճարկի ՍԴ-ում