Պաշտպան. Գագիկ Բեգլարյանի դեպքում «օպերատիվ-հետախուզական» միջոցառում բառակապակցությունը լրիվ լիրիկայի դաշտից է
Իրավունք
18:01 18/05/2021
Հայաստան

Պաշտպան. Գագիկ Բեգլարյանի դեպքում «օպերատիվ-հետախուզական» միջոցառում բառակապակցությունը լրիվ լիրիկայի դաշտից է

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, ով օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, հանձնվել էր  Ազգային անվտանգության ծառայությանը, ազատության մեջ է: Panorama.am-ի հետ զրույցում պաշտպան Հրանտ Անանյանն ասաց, որ  Գ.Բեգլարյանն ինքնակամ է ներկայացել ԱԱԾ համապատասխան ծառայություն, դրա վերաբերյալ նախապես դիմում էր ներկայացրել:

Ըստ փաստաբանի, ապատեղեկատվություն է այն, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ է հանձնվել ԱԱԾ-ին. «Զարմացած եմ, որ կարելի էր նման կերպ ներկայացնել: Կեղծ տեղեկատվություն է, այսինքն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում են արել, որ մարդը ինքնաթիռ նստի, գա Հայաստա՞ն,  թե՞ որ գալիս էր Հայաստան, չգիտեր հետախուզուման մեջ էր, թե՞ չգիտեր, որ գար Հայաստան՝ իրեն դիմավորելու են իրավապահ մարմինները: Այսինքն՝ «օպերատիվ-հետախուզական միջոցառում» բառակապակցությունը լրիվ լիրիկայի դաշտից է: Ես եմ պաշտպանը, ես եմ ներկայացրել դիմումը, որ ցանկություն ունի ներկայանալու և ներկայանում է»:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, նա 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Հրանտ Անանյանն ասաց, որ Գագիկ Բեգլարյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

ՀՀ գլխավոր դատախազությունից Panorama.am-ին հայտնեցին. «Պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը սույն թվականի մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ժամանել է ՀՀ, ինքնակամ ներկայացել քրեական վարույթն իրականացնող մարմին, բացի այդ ՀՀ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետության պատճառված վնասին համարժեք գումար:

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը 50.000.000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամի չափով գրավով փոխելու մասին»:

 

Placeholder
Պաշտպան. Գագիկ Բեգլարյանի դեպքում «օպերատիվ-հետախուզական» միջոցառում բառակապակցությունը լրիվ լիրիկայի դաշտից է