Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Պատիվ ունեմ»-ի յուրաքանչյուր անդամ ունի գիտելիք, փորձ այս կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար. Սերժ Սարգսյան
«Գեներալ Վանեցյանը գլխավորում է մեր դաշինքի նախընտրական ցուցակը, ուրեմն՝ ամեն տեղ պետք է ինքը լինի առաջինը, պետք է առջևից գնա, պետք է առաջնորդի մեր թիմը, իսկ ես իմ փորձով, հնարավորություններով, իմ խորհուրդներով անհրաժեշտ պահի կանգնած եմ նրա թիկունքին, ձեզնից յուրաքանչյուրի թիկունքին»,- «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին ունեցած ելույթն այսպես սկսեց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ բացատրելով, որ թեև արարողակարգով առաջինը նախատեսված էր իր ելույթը, բայց խոսեց Արթուր Վանեցյանը, ինչը եղել իր առաջարկը, այդպես է ճիշտ համարել:
Սերժ Սարգսյանը նշեց, որ այսօր ոչ սովորական պայմաններում մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
«Այս ընտրությունները մեր նպատակը կամ երազանքը չէին: Մեզ բոլորիս պարտադրեցին արտահերթ ընտրություններ հայրենիքի համար այս ծանր օրերին, և մենք ընդունեցինք մարտահրավերը և պատրաստ ենք այս կռիվը տալու հանուն Հայաստանի ապագայի:
Սեփական աթոռը հայրենիքից առավել սիրող այս կապիտուլյանտների իշխանությունը, ցավոք, չհեռացավ և ընտրեց հոգեբանական ծանր վիճակում գտնվող ժողովրդին նոր ցնցումների տանելու՝ արտահերթ ընտրությունների ճանապարհը, որին ի սկզբանե դեմ էինք»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը:
Սերժ Սարգսյանի խոսքով, «Հայաստանի Հանրապետական» կուսակցության և «Հայրենիք» կուսակցության ձևավորած «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքն իր օրինակով է մեր ժողովրդին ցույց տալիս հանուն ազգային նպատակների փոխզիջումների գնալու և միասին աշխատելու անհրաժեշտությունը:
«Մեր դաշինքը, ինչպես հայտնի է, գլխավորում է գեներալ Արթուր Վանեցյանը: Տարբեր առիթներով վերջին շաբաթներին արդեն խոսել եմ Արթուր Վանեցյանի անբասիր ծառայության, հայրենասիրության, նրա գլխավորած կուսակցության հետ ՀՀԿ-ի դաշինք կազմելու պատճառների մասին:
Գալիք երկու շաբաթվա ընթացքում մեր թեկնածուները մեզ հետ միասին կշրջեն հանրապետություն բոլոր մարզերով և մեր ծրագրով, ապագայի մեր պատկերացումներով կներկայանանք մեր ժողովրդի դատին:
Մենք վճռական ենք տրամադրված: Մեր թիմի յուրաքանչյուր անդամ՝ ցուցակում կամ ցուցակից դուրս, կարող է անվարան հայտարարել, որ ունի գիտելիք, փորձ, բավարար կամք և պատիվ այս կապիտուլյանտների անպատվությունից երկիրը մաքրելու համար»,- ասաց Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահն ընդգծեց՝ բոլորս պետք է հստակ գիտակցենք, որ սա սովորական ընտրություն չէ. «Այս անգամ, ցավոք, ընտրությունը պետություն ունենալու և չունենալու միջև է: Այս ընտրությունը հայրենիքը կորցնելու և չկորցնելու միջև է: Այս ընտրությունն անկախ պետություն չունեցող ժողովուրդներին միանալու կամ դրանից խուսափելու ևս մեկ կամ նույնիսկ վերջին շանս ստանալու համար է:
Ես չեմ ուզում, որ իմ թոռնիկնեը կամ ձեր զավակներն իրենց տանը Արարատի նկարի կողքին պատից կախեն Տաթևի վանքի կամ Սևանա լճի պատկերները՝ որպես կորուսյալ հայրենիքի ևս մի հատվածի մասին պատմող հուշ»: