Մակրոն․ Էրդողանի հետ քննարկելու եմ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները
Քաղաքական
11:00 11/06/2021

Մակրոն․ Էրդողանի հետ քննարկելու եմ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ քննարկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ, որը տեղի կունենա Բրյուսելում հունիսի 14-ին: Այս մասին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է հինգշաբթի օրը Փարիզում կայացած մամուլի ասուլիսում, գրում է Tass-ը։

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին ես հանդիպում կունենամ Թուրքիայի նախագահի հետ: Սա լավ առիթ է մի շարք հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար: Մենք խորը տարաձայնություններ ունենք, գիտենք դրանց մասին, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է երկխոսություն վարել։

Ես ուզում եմ խոսել Սիրիայում տիրող իրավիճակի, Լիբիայի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների մասին», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը նաև ասել է, որ «մտադիր է քննարկել ՆԱՏՕ-ում համագործակցությունն ու դաշնակիցների հարաբերություններում վարքի կանոնները»:

«Ես նաև ուզում եմ խոսել այն աշխատանքի մասին, որը Ֆրանսիան անում է արմատական իսլամիզմի և անջատողականության դեմ», - ավելացրել է Ֆրանսիայի ղեկավարը:

«Մեզ պետք է պահանջկոտ օրակարգ՝ չնայած մեր տարաձայնություններին։ Ես միշտ շատ պարզ եմ վերաբերվել մարդու իրավունքների պահպանմանը, լրագրողների և քաղաքական ընդդիմության պաշտպանությանը, գիտական հանրության ներկայացուցիչներին և արվեստագետներին։ Մեզ պետք է դեմ առ դեմ քննարկում: Մենք պետք է խոսենք՝ նույնիսկ երբ տարաձայնություններ կան», - ասել է Մակրոնը:

Placeholder
Մակրոն․ Էրդողանի հետ քննարկելու եմ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները