Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կարծրդիրքային Էբրահիմ Ռայիսին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվեց մի քանի օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ քննարկել է Իրանին առնչվող հարցեր: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Մեր երկուսի շահերից է բխում, որ Իրանը չունենա միջուկային զենք»,- հայտարարել էր Բայդենը:
Հիշեցնենք, որ ապրիլ ամսին Իրանի հետ սկսվեցին միջուկային հարցերով բանակցությունները՝ վերակենդանացնելու համար 2015 թվականի գործարքը, ըստ որի սահմանափակումներ էին դրվում Իրանի միջուկային գործուներության վրա: Դրա փոխարեն միջազգային համայնքը պարտավորվում էր մեղմել այս երկրի դեմ գործող պատժամիջոցները: Հիշեցնենք, որ Իրանը հրաժարվեց իր այդ պարտավորություններից, երբ նախագահ Թրամփի օրոք ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս բերվեց գործարքից ու Վաշինգտոնը սկսեց պատժամիջոցներ ընդդեմ Թեհրանի:
Այժմ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող անուղղակի բանակցություններին մասնակցում են ԱՄՆ-ը և նախկին գործարքը կնքած մյուս հինգ պետությունները: Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ համաձայնություն հնարավոր է ձեռք բերել մինչև երկրի նախագահի պաշտոնում ընտրված Ռայիսին կստանձնի նախագահի պարտականությունները:
Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էլ գտնում է, որ չնայած որոշ տարաձայնությունների, ճիշտ ուղղություն է որդեգրվել:
Բանակցողները կիրակի օրը հետաձգեցին բանակցությունների վերջին փուլը` իրենց կառավարությունների հետ խորհրդակցնելու նպատակով: Բանակցությունները վերսկսելու ժամկետ նրանք դեռևս չեն հրապարակել:
Իրանը պնդում է, որ միջուկային իր ծրագիրն ունի զուտ խաղաղ նպատակներ: