Հովհաննես Քոչարյան. Քաղաքական պայքարը ընդդիմության համար շախմատ չէ, այլ՝ գոտեմարտ
Քաղաքական
11:26 23/06/2021

Հովհաննես Քոչարյան. Քաղաքական պայքարը ընդդիմության համար շախմատ չէ, այլ՝ գոտեմարտ

Նախկին ոստիկանապետ, իրավաբան Հովհաննես Քոչարյանը գրում է.

«Սահմանադրական դատարան դիմելը ընդդիմության համար ժամավաճառություն է, իրողություններն հիմա այլ են: Մանդատներից հնարավոր հրաժարումը՝ հուսահատության ակտ, որից  հետո, լինելով չպարտված,  դու պաշտոնապես արձանագրում ես քաղաքական պարտությունդ ու քաղաքական համակարգից չքվում անվերադարձ:

Քաղաքական պայքարը ընդդիմության համար շախմատ չէ, այլ՝ գոտեմարտ, այն տրամաբանությամբ, որ թեթև քաշով պայքարում ես ծանրաքաշի դեմ ու միշտ կարելի է  անհամաչափ վնաս հասցնել, նույնիսկ՝ մեկ-մեկ հաղթել, թեթև  քաշովդ  քաղաքական  հակառակորդիդ մաշել, հոգնեցնել ու պրոցեսից հաճույք ստանալ: Գոտեմարտի համար մի տեղ կա՝ տատամին,  այսինքն՝ պառլամենտը, իսկ մեր հասարակությունն էլ կնայի ու աշնանը կդատի:

Քաղաքագիտական տգիտության դրսևորում է այն պնդումը, որ եթե չունես օրենքների ընդունման համար բավարար ձայներ, ուրեմն  թույլ ես: Պառլամենտները  դադարել են օրենսդիր իշխանության մարմին հանդիսանալ, այս հարցում նրանք իրենց դիրքերը վաղուց զիջել են կառավարություններին, սահմանադրական իրավունքի մասնագետները կհասկանան ինչ նկատի ունեմ:

Պառլամենտը հսկելու, իշխանության սխալները բռնացնելու ու վերջինիս դեմ հատուկ օպերացիաներ կազմակերպելու հարթակ է. ոնց կարողանում են թող տակից դուրս գան:

Եթե իշխանության  բոլոր պատգամավորներն իրար ձեռք բռնեն ու էս անգամ սկսեն քայլել  Սևանա լճի ջրերի վրայով, նրանց  կարելի է մեղադրել լողալ չիմանալու մեջ: Սահմանադրական լիազորությունները գրագետ իրացնող  միասնական ընդդիմությունը /իսկ նման միասնական ընդդիմություն երբեք չենք ունեցել/  իշխանության համար կաշմառ է: Իրավունքը միշտ ընդդիմության կողմն է, ի հակակշիռ իշխանության, որը միշտ թքած ունի  իրավունքի վրա. ոնց կարելի Է հավակնել լինելու լավ  իշխանություն, եթե  չես եղել շատ լավ ընդդիմություն»։

Placeholder
Հովհաննես Քոչարյան. Քաղաքական պայքարը ընդդիմության համար շախմատ չէ, այլ՝ գոտեմարտ