Ընտրվել է ԳԱԱ-ն նոր նախագահ
Կրթություն, գիտություն
18:04 28/06/2021
Հայաստան

Ընտրվել է ԳԱԱ-ն նոր նախագահ

Այսօր ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահի, փոխնախագահի և ակադեմիկոս քարտուղարի ընտրություններ:

ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու՝ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը: Առաջին փուլում ոչ մի թեկնածու բավարար ձայն չի հավաքել: Երկրորդ փուլում 55 կողմ, 34 դեմ, 5 անվավեր ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում ընտրվել է ակադեմիկոս Աշոտ Սաղյանը:

ՀՀ ԳԱԱ նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթևոսյանի թեկնածությունը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում առաջադրել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արթուր Իշխանյանի թեկնածությունը: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում 80 կողմ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Հրանտ Մաթևոսյանը: Արթուր Իշխանյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում 80 կողմ 12 դեմ ձայների հարաբերակցությամբ:  

Հունիսի 29-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենան  ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարների ընտրությունները:

Հիշեցնենք, որ 2006 թվականից ԳԱԱ նախագահն էր Ռադիկ Մարտիրոսյանը: 

Աշոտ Սաղյան

 Հրանտ Մաթևոսյան


Արթուր Իշխանյան 

 

Placeholder
Ընտրվել է ԳԱԱ-ն նոր նախագահ