Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի 30-ամյակին նվիրված կլինեն պրեմիերաներ, նոր նախագծեր
Մշակույթ
12:10 29/06/2021
Հայաստան

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի 30-ամյակին նվիրված կլինեն պրեմիերաներ, նոր նախագծեր

Այս տարվա սեպտեմբերից մեկնարելու են Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի 30-ամյակին նվիրված ծրագրերը, լինելու են պրեմիերաներ, նոր նախագծեր: Ասուլիսում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը: Նա հայտնեց, որ նախագիծ ունեն Արցախի թատրոնի հետ կապված, ցանկանում են Արցախի թատրոնի հետ համատեղ ներկայացում ստեղծել, որը կցուցադրվի և այստեղ, և այնտեղ:

Թատրոնը հյուրախաղեր է նախատեսել նաև Գյումրիում, Վանաձորում:

Հարցին, թե արդյո՞ք ֆինանսավորում ունեն մարզային այցելությունների համար, ասուլիսին ներկա թատրոնի տնօրեն Արման Նավասրադյանն ասաց, որ ինքը որևէ մեկից,  պետությունից գումար չի ուզել:

Ա. Նավասարդյանը հիշեցրեց, որ 44-օրյա պատերազմից հետո՝ դեկտեմբերին, այցելել են Արցախ, երեխաների համար ամանորյա ներկայացում ցուցադրել:

«Թվում էր անհնար է՝ ոչ ոք սիրտ չունի ներկայացման գալու, բայց մենք ունեցանք 5000 երեխա հանդիսական: Խաղացել ենք տարբեր շրջաններում, դահլիճ չկար, պայմաններ չկային, բայց մենք խաղացել ենք:

Ես պետությունից  գումար չեմ ուզել: Պետությունն առաջարկել է՝ բա մենք ինչ անենք, ասել եմ՝ այդ գումարը  հատկացրեց վիրավոր զինվորներին, վիրավոր դերասաններ, մշակույթի գործիչներ ունենք, հատկացրեք իրենց բուժմանը: Մեր ընկերների միջոցով մենք հայթայթել ենք միջոցներ ու Արցախում կազմակերպել ցուցադրություններ»,- ասաց Ա. Նավասարդյանը:

Նրա խոսքով, Արցախի թատրոնը պետք է առաջ շարժվի, այլապես եթե թատրոնը կանգնած մնա, կվերանա, հատկապես եթե չորս կողմից շրջապատված է ադրբեջանցիներով:

«Երեք բան կա, եթե վերացավ, ազգը չի կարող գոյություն ունենալ՝  եկեղեցի, դպրոց, մշակույթ, ի դեմս թատրոնի»,- ասաց Արման Նավասարդյանը:

Placeholder
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի 30-ամյակին նվիրված կլինեն պրեմիերաներ, նոր նախագծեր