Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերժ Սարգսյանը հրաժարական չտվեց, ասաց՝ դադարեցնում եմ կատարել այսինչ պարտականությունները. Դավիթ Հարությունյան
«Շատ լավ հարց տվեցիք ու լավ օրինակ բերեցիք, բացատրեմ այդ օրինակը»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ արձագանքելով այս գործով երրորդ կողմ հանդիսացող արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանի հարցին։
Սուրեն Գրիգորյանի հարցը հետևյալն է. «2018 թ. ապրիլի 23-ին, այն ժամանակ դեռ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, նրա կողմից հրաժարական ներկայացնելուց հետո հրաժարական ներկայացնելու փաստով նա արդեն դադարե՞ց պարտականությունների կատարումը, թե՞ դուք անհրաժեշտություն տեսաք լրացուցիչ ակտի ընդունման, որպեսզի այլևս չկատարի այդ պարտականությունները և պարտականությունները կատարի այն ժամանակ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը»։
Դավիթ Հարությունյանի պարզաբանմամբ, հրաժարական բառը պատահական բառ չէ, օրենքով ամրագրված, Սահմանադրությամբ ֆիքսված բառ է։
«Եթե ես ասում եմ՝ ոչ թե հրաժարական եմ տալիս, այլ ես գնացի մեր տուն, չի նշանակում, որ ես հրաժարական տվեցի։ Բացեք Սերժ Սարգսյանի հայտարարությունը և չեք գտնի թեկուզ մեկ բառ, որտեղ կա գրված հրաժարական։
Նա հրաժարական չտվեց, ասաց՝ դադարեցնում եմ կատարել այսինչ պարտականությունները, բայց ոչ մի անգամ հրաժարական բառը չասաց։ Իհարկե, այստեղ գնահատման խնդիր կա։
Իրավաբանների մի խումբը համարում էր՝ դա հրաժարական է, մյուս խումբը համարում էր, որ հրաժարական չէ, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանն իր այդ հայտարարության մեջ ոչ մի տեղ չհիշատակեց։
Որպեսզի զերծ մնանք տարբեր հնարավոր շահարկումներից, քննարկեցինք, թե որն է ելքը։ Իսկ ո՞րն էր ելքը։ Ելքն այդ դեպքում միակ էր. եթե մարդն ասում է՝ ես դադարեցնում եմ, չեմ անում, բայց չի գրում հրաժարական բառը, դիտարկել դա որպես լիազորությունների կատարման անհնարինություն և հենց այդ տեսանկյունից դիտարկվեց անհնարինություն»։
Ս. Գրիգորյանը կրկնեց իր հարցը՝ ճշգրեք, ի վերջո ե՞րբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, որովհետև նոր վարչապետ ընտրվեց։
Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Երբ Սերժ Սարգսյանը ասաց՝ դադարեցնում եմ և այլն, իրավաբանների մի խումբը համարեց, որ դա, այնուամենայնիվ, հրաժարական չէ, ճիշտ է գնալ ֆորմալիզացված իրավական պրոցեդուրայով. քանի որ, կոպիտ ասած, վարչապետն ասաց, որ ես այլևս չեմ ներկայանալու աշխատանքի, ապա դա անհնարինություն է, այդ պատճառով կառավարությունը հավաքվեց, 2/3-ով որոշեց, որ պարտականությունները կկատարի Կարեն Կարապետյանը»։
Կրկին Սուրեն Գրիգորյանը հարցադրումներ արեց, այս անգամ արձագանեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը. «Փոքր պարզաբանում, հազար ներողություն. լիազորությունների կատարման անհնարինության վերաբերյալ կառավարության որոշումը ևս հիմք է վարչապետի պաշտոնը թափուր մնալու համար։ Անհնարինության հիմքով թափուր է մնացել»։