Սկսում ենք լայնածավալ մշակութային այցեր սահմանամերձ համայնքներ. Խզմալյան
Մշակույթ
13:33 22/07/2021
Հայաստան

Սկսում ենք լայնածավալ մշակութային այցեր սահմանամերձ համայնքներ. Խզմալյան

«Մենք սկսում ենք լայնածավալ մշակութային այցեր սահմանամերձ համայնքներ, նույնիսկ ամենահեռավոր համայքներ»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նա նշեց, որ «Թիկունքը մշակույթ, սահմանը՝ կենտրոն» խորագրով ծրագրի շրջանակում  իրականացվող այցերով լուծում են ոչ միայն մասնագիտական խնդիր, նաև բարոյահոգեբանական, հասարակական և քաղաքացիական խնդիր: 

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հուլիսի 28-ից Հայաստանի սահմանամերձ քաղաքներում և Արցախում՝ Բերդ, Ճամբարակ, Վարդենիս, Գորիս, Կապան, Քաջարան, Մեղրի, Ստեփանակերտ, Մարտակերտ, Մարտունի, երեխաների համար կիրականացնի «Տիկնիկների հեքիաթային ճանապարհորդություն» ծրագիրը:

Փոքրիկները կդիտեն Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմադրությունը: Կհանդիպեն հայ ժամանակակից հեքիաթագիր Նաիրա Եդիգարյանի հետ, այնուհետև տիկնիկավար Աղասի Մելքոնյանը կծանոթացնի տիկնիկագործության արվեստին, երեխաները կպատրաստեն իրենց առաջին տիկնիկը:

Ջազմեն, դաշնակահար, կոմպոզիտոր, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը և «Arm.Strong Production» ընկերությունը օգոստոսի 1-3-ը  կներկայացնեն «Մարզային JAZZաֆիկացիա» նախագիծը։ Օգոստոսի 1-ին երաժիշտները ելույթ կունենան Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում, օգոստոսի 2-ին՝ Լոռու մարզի Օձուն գյուղի արվեստի դպրոցում, օգոստոսի 3-ին՝ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մշակույթի տանը։

Հայաստանի երգի պետական թատրոնի նվագախումբն ու արտիստները համերգներով հանդես կգան սահմանամերձ համայնքներում.Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում կհնչեն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի և Արթուր Գրիգորյանի սիրված ստեղծագործությունները:

 

Placeholder
Սկսում ենք լայնածավալ մշակութային այցեր սահմանամերձ համայնքներ. Խզմալյան