Տոկիոյի օլիմպիական խաղերում վերջին հույսերը
Սպորտ
18:30 05/08/2021
Աշխարհ

Տոկիոյի օլիմպիական խաղերում վերջին հույսերը

Տոկիոյի օլիմպիական խաղերում Հայաստանի 17 պատվիրակներից 15-ն արդեն ավարտել են իրենց մրցելույթները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

«Ասպարեզում մնացած մեր երկու տղաները ցանկանում են հարստացնել մեր թիմի հաշվին գրանցված մեդալների քանակը: Ասենք, որ այդ գործն արդեն արել է բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը  (63 կգ): Նա արդեն կիսաեզրափակիչում է և իր համար ապահովել է բրոնզե մեդալ:

Վաղը՝ օգոստոսի վեցին, ժամը 9. 30 –ին, գյումրեցի մարզիկը եզրափակիչ մտնելու համար կմրցի ամերիկացի Կեյշոն Դևիսի հետ: Նախորդ բոլոր երեք մրցակիցների նման, ամերիկացին նույնպես «ամուր ընկույզ» է: Փույթ չէ, քանզի անվեհեր գյումրեցին բազում հաղթանակներ է տոնել «անպարտելիների»  նկատմամբ:

Չկասկածենք մեր վարպետի հաջողությանը:

Դարձյալ վաղը, օլիմպիական մրցագորգի վրա, իր նորամուտը կանի մեր վերջին ՝ 17-րդ մարզիկ,  ազատ ոճի ըմբիշ, շնորհաշատ Վազգեն Թևանյանը  (65 կգ): Նրա մրցակիցը հեղինակավոր Հաջիմուրադ Ռաշիդովն է: Նա ներկայացնում է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն, բազում տիտղոսներ ունի և աշխարհի գործող չեմպիոնն է :

Ճանաչելով  փոքրվեդեցի ըմբիշին, ասենք , որ նրան հաճույք  է պատճառում անվանի մրցակիցներ ունենալը: Նման պարագայում բազմապատկվում է հայորդու հաղթանակի տենչը, մարտունակությունը, դիմացկունությունը  և գոտեմարտի առաջինից մինչև վերջին վայրկյանը մարտնչող մարզիկն  իրենը կանի և կուրախացնի հայ մարզասերներին:

Զինվենք համբերությամբ և հետևենք օգոստոսի վեցին, առավոտյան 6. 30-ին  նշանակված  ազատ ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի  ընթացքին»,- նշում է ՀԱՕԿ-ը։

 

Placeholder
Տոկիոյի օլիմպիական խաղերում վերջին հույսերը