ԱԺ-ն չի վերանայել Panorama.am-ի լուսանկարչի խորհրդարան մուտք գործելու արգելքը
Իրավունք
18:44 06/08/2021
Հայաստան

ԱԺ-ն չի վերանայել Panorama.am-ի լուսանկարչի խորհրդարան մուտք գործելու արգելքը

Ազգային Ժողովում չեն վերանայել Panorama.am-ի լուսանկարիչ Լիլիան Գալստյանին խորհրդարան մուտք գործելու արգելքի մասին որոշումը։

«Ես որևէ քննարկում այդ հարցով չեմ ունեցել, որևէ մեկն այդ հարցն ինձ հետ չի քննարկել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը։

Հետաքրքրվեցինք, թե ինքը՞ չպետք է լինի նման քննարկման նախաձեռնողը։ Ի պատասխան Աննա Գրիգորյանն ասաց՝ լուսանկարչի մուտքն ԱԺ արգելող որոշումը կոլեկտիվ է, որին մասնակցել են ԱԺ աշխատակազմի, ԱԺ նախագահության, Պետական պահպանության ծառայության ներկայացուցիչներ։

Նշենք, որ այդ արգելքի պատճառով արդեն երկրորդ օրն է՝ Panorama.am-ի լուսանկարիչը չի կարողանում մուտք գործել խորհրդարան, իրականացնել մասնագիտական գործունեությունն ու հանրությանն իրազեկել  երկրի օրենսդիր մարմնում տեղի ունեցող անցուդարձի մասին։

Ի նշան բողոքի, Panorama.am-ում ԱԺ նիստերի վերաբերյալ հրապարակումները թողարկվում են այս լուսանկարներով։

Ստացվում է, որ ԱԺ-ն անտեսում, ականջալուր չի լինում հասարակության պահանջին։

Հիշեցնենք, որ ԱԺ այդ որոշումն  անհապաղ վերացնելու կոչով ու պահանջով երեկ հանդես եկան լրագրողական կազմակերպությունները, Հայաստանի Ժուռնալիստների միությունը, որոշումը խնդրահարույց որակեց Մարդու իրավունքերի պաշտպան Արման Թաթոյանը, այն կամայական ու խոսքի ազատության սահմանփակման դեմ ուղղված քայլ որակեցին մամուլի, տեղեկատվության ազատության հարցերով փորձագետները, քննադատեցին ԶԼՄ բազմաթիվ ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ընթերցողներ, խնդիրը լուսաբանվեց բազմաթիվ լրատվամիջոցներում։

Ի դեպ, իրավաբաններն էլ պնդում են, որ գլխավոր դատախազությունը պետք է քրգործ հարուցի։ Մինչ այս պահը դատախազությունը քրեական գործ հարուցելու վերաբերյալ չի հայտնել։

Լիլիան Գալստյանի մուտքն ԱԺ արգելվեց օգոստոսի 4-ին լուսանկարների շարքի հրապարակումից հետո, որտեղ երևում են, թե ինչ թվով ու ինչպես են պահպանության ծառայության աշխատակիցները ծառայություն իրականացնում ԱԺ տարածքում ու շենքում։ Լուսանկարները լայնորեն տարածվեցին՝ ուղեկցվելով իշխանություններին ուղղված բազմաթիվ քննադատություններով։

 

Placeholder
ԱԺ-ն չի վերանայել Panorama.am-ի լուսանկարչի խորհրդարան մուտք գործելու արգելքը